Սեյրան Օհանյանը՝ Արցախի անկախության ճանաչման և Նախիջևանի շրջանում կուտակումների մասին

«Այսօր այն տոնն է, որ չափազանց թանկ է դարձել. մեր պապերը, մեր հայրերը մեզ տվել են հաղթանակ»,- այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նաև նշեց, որ մենք վերադարձրել ենք մեր պապերին, մեր հայրերին և ողջ ժողովրդին եռատոնը:

Ըստ նախարարի՝ կատարված քաջագործությունները երբեք չեն խամրի, քանի որ մեր այսօրվա զինվորները, կամավորականները դրանք թարմացնում են: Նրա խոսքով՝ այս օրը մեր պատմությունն ավելի հարուստ է դարձնում՝ ամրացնելով մեր այսօրվա երիտասարդ սերնդի հաղթանակներով:

Անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ նա ասաց.

«Այսօր իրավիճակը սահմանագծում համեմատաբար հանգիստ է, իհարկե, խախտումներ եղել են, բայց ՊԲ-ի ղեկավարության տեղեկատվությամբ՝ այդ խախտումներն արժանի հակահարված են ստացել»:

Խոսելով Արցախի անկախության ճանաչման մասին՝ Ս. Օհանյանն ասաց, որ Հայաստանն իրականացնում է այն ողջ խնդիրը, որն ուղղված է ԼՂՀ-ն աստիճանաբար ճանաչման տանելուն, և այդ դիվանագիտական աշխատանքը շատ նուրբ, հետևողական աշխատանք է իր մեջ պարունակում: Նրա խոսքով՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն էլ է դրանով զբաղվում, և կարծում է՝ իրենք ճիշտ ճանապարհին են:

Անդրադառնալով Նախիջևանի շրջանում կուտակումներին՝ նախարարն ասաց, որ ՊՆ-ն հետևում է ամեն ինչին, և Հայաստանի զինված ուժերը պլանավորում են իրականացնում, պլանավորման մեջ համապատասխան գործողություններ են իրականացնում, որոնք ուղղված են մեր անվտանգության հաստատմանը:

Տեսանյութեր

Լրահոս