«Արցախի դե յուրե ճանաչումը պետք է լինի մեր ոսկե փամփուշտը». Նաիրա Զոհրաբյան

Մեր զրուցակիցն է ԲՀԿ նախագահ, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը

– Տիկին Զոհրաբյան, Արցախի Հանրապետության ճանաչման համար ե՞րբ է նպաստավոր ժամանակը:

– Այն, որ Հայաստանը վաղուց դե ֆակտո ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, դա փաստ է, և դա են վկայում ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև գործող միջպետական պայմանագրերն ու բազմաթիվ այլ իրավական փաստաթղթերը: Այն, որ աշխարհում չի կարող գտնվել որևէ մի հայ, լինի նա Հայաստանում թե սփյուռքում, որի համար ԼՂՀ-ն դե ֆակտո ճանաչված չլինի, դա ևս փաստ է: Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի իրավական ճանաչմանը, այդ դե յուրե ճանաչումը պետք է լինի մեր ոսկե փամփուշտը, որը մենք պետք է կարողանանք օգտագործել ճիշտ ժամանակին` առավելագույն արդյունավետությամբ: Ե՞րբ կլինի այդ պահը: Այդ պահը կարող է լինել ուղիղ 5 րոպե հետո, երբ բոլոր պատգամավորներին հրավիրեն ԱԺ արտահերթ նիստի, և այդ ամբողջ գործընթացը տևելու է ընդամենը 3 րոպե: Մենք պետք է հաշվարկենք քայլի հնարավոր դրական և, առաջին հերթին, բացասական հետևանքները:

Ի՞նչ կտա մեզ այս փուլում այս պահին իրավական ճանաչումը: Դրա հնարավոր զարգացումները մենք հաշվարկե՞լ ենք, թե՞ ոչ: Սա պետք է հաշվարկենք, սա չպետք է լինի էմոցիոնալ քայլ: Սա հայրենասիրության հարց չէ, ավել կամ պակաս հայրենասեր լինելու հետ որևէ կապ չունի, ավելին, ես չեմ կարծում, որ հայրենասերը նա է, ով ավելի բարձր կբղավի` եկեք ճանաչենք Արցախի Հանրապետությունը նաև դե յուրե: Եթե դուք կգտնեք մի որևէ հայ, որ դա կվիճարկի, այդ ժամանակ իմաստ կունենա խոսել ավել կամ պակաս հայրենասեր լինելու մասին: Ես կարծում եմ՝ հարենասիրությունը հենց այն է, որ դու ճիշտ հաշվարկես նաև քայլի, առաջին հերթին՝ հնարավոր բացասական զարգացումները:

– ԼՂՀ ճանաչման խնդրի կապակցությամբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածում ճանաչումը խելահեղ քայլ է համարվում, եթե այն ապահովագրված չէ միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի) կամ գերտերություններից մեկ-երկուսի աջակցությամբ, ըստ նրա՝ դա հղի է անկանխատեսելի ու աղետալի հետևանքներով: Տեր-Պետրոսյանը կոչ է արել առաջնորդվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մշակած համընդգրկուն կարգավորման պլանով` Մադրիդյան սկզբունքներով: Ըստ Ձեզ` արդյոք մենք ունե՞նք միջազգային կազմակերպությունների ապջակցությունը:

– Միջազգային հանրությանը պետք է շատ ավելի լավ ներկայացվի, որ Ադրբեջանի կազմում ԼՂ ժողովրդին իսկապես սպառնում է բնաջնջում, ներկայացնելով նաև ապրիլյան պատերազմի օրերին կատարված վայրագությունները: Ես կարծում եմ, որ մենք բոլոր ուղղությունները պետք է օգտագործենք հավասարապես` և´ ինքնորոշման իրավունքը, որը ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ամենաառաջնային իրավունքն է, և նաև այն, ինչի մասին խոսել է Լ. Տեր-Պետրոսյանը: Եվ համաձայն եմ Առաջին նախագահի հետ, որ հատկապես վերջին տարիներին այդ մոտեցումը շատ ակտուալ է դառնում, որ մի ժողովուրդ ապրելով մեկ այլ պետության տիրապետության ներքո՝ նրա գոյությունը վտանգված է: Եվ մենք հստակ օրինակներ ունենք` Կիրովաբադ, Սումգայիթ, Բաքու, և նաև ապրիլյան գազանությունները: Մենք պետք է այդ բոլորը համադրելով, բոլոր միջազգային իրավունքի ասպեկտներով կարողանանք ճիշտ և գրագետ աշխատել: Նաև գիտեք, որ մեր երեք զինվորների գործերով, որոնց վայրագաբար խոշտանգել և գլխատել են, նրանց հարազատները ՄԻԵԴ դատական հայց են ներկայացնում, այն պատրաստման մեջ է: Մենք պետք է կարողանանք միջազգային ատյաններում հասնել նրան, որ Ադրբեջանի կողմից տեղի ունեցածը ճանաչվի ռազմական հանցագործություն, նաև բոլոր միջազգային հարթակներում բարձրաձայնելով օրենքով ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և այն խնդիրը, ինչի մասին խոսեց Լ. Տեր-Պետրոսյանը` «փրկություն` ճանաչման դիմաց» դոկտրինի ֆորմուլայի շրջանակներում:

Իսկ միջազգային հանրությունն ինչպե՞ս կարձագանքի, և քանի՞ պետություն է պատրաստ հետևել մեր օրինակին, եթե, այնուամենայնիվ, որոշվի գնալ դե յուրե ճանաչման:

– Ես պատրաստ չեն պատասխանել այդ հարցին: Դուք տեսաք, թե ՀՀ ԱԳ նախարարության մի քիչ ոչ հասկանալի ձևակերպումներով եզրակացությունը` տրված Հրանտ Բագրատյանի և Զարուհի Փոստանջյանի նախագծին, ինչ աժիոտաժ առաջացրեց ռուսական ու եվրոպական մամուլում: Ինձ զանգահարում էին Պետդումայից առնվազն 20-ից ավելի պատգամավորներ, չգիտես ինչու` խորը պանիկայի մեջ, և հարցնում էին` ճի՞շտ է, որ ՀՀ-ն ճանաչել է ԼՂ անկախությունը: Դուք տեսաք նաև Պուտինի մամլո խոսնակ Պեսկովի արձագանքը, ուստի հետևությունները, թե ինչպիսին կլինի ՌԴ և նաև միջազգային հանրության արձագանքը, ես թողնում եմ ձեզ:

Տեսանյութեր

Լրահոս