««Յուվենթուսի» մարզիչը լինելը մեծ մարտահրավեր է և հսկայական պատասխանատվություն». Մասիմիլիանո Ալեգրի
Թուրինյան «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգումը:
Հիշեցնենք, որ այսօր Ալեգրին երկարաձգել է պայմանագիրը «Յուվենթուսի» հետ մինչև 2018թ. ամառը:
««Յուվենթուսի» մարզիչը լինելը մեծ մարտահրավեր է և հսկայական պատասխանատվություն, քանի որ այստեղ Դուք միշտ պետք է խաղաք հաղթանակի համար»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում «Ծեր սենյորայի» պաշտոնական կայքը:
«Ես հպարտությամբ և էնտուզիազմով մնում եմ «Յուվենթուսում», որովհետև ամեն տարի իմ առջև նոր խնդիրներ են դրվում: Մենք միշտ պետք է լինենք մրցունակ, հաղթենք առաջնությունը և հաջող հանդես գանք Չեմպիոնների լիգայում: Ես նկատի ունեմ հավասար խաղ յուրաքանչյուր մրցակցի հետ»,- ասել է մարզիչը:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Յուվենթուսը» ժամանակից շուտ դարձել է Իտալիայի չեմպիոն, իսկ մայիսի 21-ին Ալեգրիի սաները հնարավորություն կունենան ոսկե դուբլ ձևակերպելու համար: «Ծեր սենյորան» այդ օրը կխաղա «Միլանի» հետ՝ Իտալիայի գավաթի եզրափակչում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը