Բաժիններ՝

«Խնդրեմ, զենքի համար իսկական գումար է. Հասցեները գիտենք, որտեղ են այդ ձեռնարկությունները»

ՀՀ կառավարությունը նախ՝ հնգամյա, ապա՝ եռամյա ծրագրով պարտավորություն ուներ ամեն տարի հուլիսի 1-ից բարձրացնել նվազագույն աշխատավարձը 5000-ական դրամով` 2016 թ. դարձնելով 60 000 դրամ, 2017թ.` 65 000 դրամ, բայց կառավարությունը նույնիսկ այս տարվա այդ 5000 դրամ բարձրացումը չի կարողանում ապահովել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Մ.Մելքումյանն առաջարկ է ներկայացրել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, որով ներկայիս 55000 դրամի փոխարեն՝ սահմանվում է 65 000 դրամ նվազագույն աշխատավարձ: Ըստ նրա, հաշվի առնելով երկրում աղքատության մակարդակը, սոցիալական խնդիրները, հարկավոր է արդեն իսկ 10 հազարով բարձրացնել. «Մոտ 220 000 մարդ ՀՀ-ում ստանում է նվազագույն աշխատավարձ: Կառավարության եզրակացությունը բացասական է եղել, ասում էին` 13 մլրդ դրամ է հարկավոր դրա համար, բայց հաշվի չեն առնում, որ բարձրացումից եկամտային հարկն է ավելանում: Պետք է որոշակի կապ լինի միջին և նվազագույն աշխատավարձերի միջև, իսկ այսօր միջինը 4-5 անգամ ավելի է նվազագույնից` 200-210 հազար դրամ է: Այսինքն` նվազագույն աշխատավարձը պետք է բարձրացվի»:

Պատգամավորը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ դրոշմապիտակներ կիրառվեցին ստվերի դեմ պայքարի համար, և մի շարք ձեռնարկություններում շրջանառությունը մի քանի անգամ ավելացավ: Ըստ Մելքումյանի` ՀՀ-ում որոշ հաշվարկներով՝ 5 տարվա մեջ ստվերի ծավալը 1.5 մլրդ դոլար է. «Խնդրեմ, զենքի համար իսկական գումար է: Հասցեները գիտենք, որտեղ են այդ ձեռնարկությունները: Դա նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման, սպառազինության ձեռքբերման աղբյուր է: Առակս կցուցանե, որ այս հնարավոր է, այս ազգային համախմբման շրջանակում, հաշվի առնելով պատերազմական խնդիրները, ազգովի պայմանավորվենք, որ այլևս ստվեր չի լինելու Հայաստանում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս