«Շուշիի ազատագրումից հետո թուրքերի մեջքը ջարդվեց». Շուշիի ազատագրման գործողության մասնակից
Շուշին շատ կարևոր հենակետ էր. Շուշիի ազատագրումից հետո «թուրքերի մեջքը ջարդվեց»: Այս կարծիքին է Արցախյան պատերազմի և Շուշիի ազատագրման գործողության մասնակից, օդաչու Միքայել Անդրեասյանը, ով այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով Շուշիի ազատագրումից՝ նկատեց, որ Շուշին Ղարաբաղի սիրտն է, գտնվում է սարի գլխին:
«Շուշին ազատագրելուց բոլորս էլ եղել ենք այնտեղ, շատ գեղեցիկ էր, որ տեսնում էինք՝ ինչպես է վառվում Շուշին, որի երկու կողմերից խփում էին: Շատ գեղեցիկ էր, որ վառվում էր, մեր սրտներն այդ կրակով հովացան, շատ ուրախալի լուր է, Շուշին վերցվեց մայիսի 8-ի գիշերը: Շատ գեղեցիկ մարտեր գնացին: Ամսի 9-ին մեր ինքնաթիռը երկրորդ անգամ խփեցին, Սիսիանում բարեհաջող վայրէջք կատարեցինք վառված ինքնաթիռով, ոչ ոք չէր վնասվել, բացի ինձնից. ողնաշարս վնասվել է, մեկ տարի չքայլեցի»,- պատմեց Մ. Անդրեասյանը:
Նա նաև հիշեց, որ այն ժամանակ իրենք ինքնաթիռով՝ փուչիկների մեջ վառելանյութ, զինամթերք էին տեղափոխում, ու շատ վտանգավոր էր, քանի որ, եթե կայծակ լիներ, ինքնաթիռից ոչինչ չէր մնա. «Բայց, փառք Աստծո, նման բան չեղավ… Դա մեր աշխատանքն էր, ես համարում եմ, որ կռիվն էլ է աշխատանք, դա էլ մեր աշխատանքն է»:
Արցախյան պատերազմի և Շուշիի ազատագրման գործողության մասնակից, 2-րդ օդաչու Աշոտ Մանուչարյանն էլ հիշեց, որ առաջին անգամ նրանց ուղղաթիռը խփել են մարտի 27-ին:
«Այդ ժամանակ էլի թեժ մարտեր էին, ինքնաթիռի թռիչքից հետո գետնից կրակեցին, վնասեցին շարժիչը, քանի որ բարձր մակարդակի հրամանատար էր կողքիս, որոշում ընդունեց՝ գնանք Երևան իջնենք: Մեր ինքնաթիռի մեջ ահագին մարդ կար այդ օրը, եկանք Երևան, բարեհաջող նստեցինք, բոլորն ուրախացած…»,- հիշեց օդաչուն: