«Փորձագետները շատ բարձր են համարում հավանականությունը, որ կարող են լինել նոր ռազմական գործողություններ»

Հայկական կողմը միշտ պետք է պատրաստ լինի հակառակորդի կողմից նոր լայնածավալ հարձակման: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: «Նախորդ տարիների ընթացքում էլ Ադրբեջանը միշտ իրականացրել է դիվերսիոն գործողություններ, այլ բնույթի ռազմական գործողություններ: Իհարկե, քառօրյա պատերազմը որոշակիորեն փոխել է իրավիճակը: Մենք ռազմական դրության և դրանից բխող գործողությունների հարցերը համակողմանիորեն քննարկել ենք նաև խորհրդարանում տարբեր ձևաչափերով: Մենք խորհրդարանում քննարկում ենք կազմակերպել նաև Հայաստանում հայտնի փորձագետների և վերլուծաբանների մասնակցությամբ, որտեղ գնահատականներ են տրվել ռազմական իրադարձությունների զարգացման և կանխատեսումների շուրջ»,- ասաց Կորյուն Նահապետյանը:

Հարցին՝ որքանո՞վ է ռեալ առաջիկայում ռազմական գործողությունների վերսկսկման հավանակությունը, նա պատասխանեց. «Փորձագիտական մակարդակում հնչած կարծիքներն ամփոփելով՝ կարող եմ ասել, որ հիմնականում փորձագետները շատ բարձր են համարում հավանականությունը, որ կարող են լինել նոր ռազմական գործողություններ: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք: Բնական է, որ բոլոր ուղղություններով մենք պետք է կարողանանք համախմբել մեր ռազմական կարողությունները: Ես շատ կարևոր եմ համարում նաև այն միասնականությունը, որը կար ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում: Մենք պետք է պահպանենք ու զարգացնենք այդ միասնականությունը: Պետք է դասեր քաղենք մեր ունեցած բացթողումներից, արագ շտկենք դրանք, ձեռնարկենք համարժեք գործողություններ, որպեսզի կարողանանք ժամանակին ու ճիշտ դիմակայել հակառակորդին և իրականացնել համապատասխան պատժիչ գործողություններ»,- ասաց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս