Ռուսաստանը հաստատում է Բաքվի և Երևանի միջև բանակցություններին նպաստելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացին աջակցելու պատրաստակամությունը, տվյալ թեման դուրս չի գալիս օրակարգից: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է վճռվի բանակցային ճանապարհով: Հաստատում ենք պատրաստակամությունը՝ որպես միջազգային միջնորդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ կողմերին ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն՝ այդ նպատակի (բանակցությունների) իրագործման համար»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ ՌԴ ԱԳՆ օրակարգում, նախարարության ղեկավարության մակարդակում դրան տվյալ ժամանակահատվածում հատկացվում է առաջնային նշանակություն:
Զախարովան նաև տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը կարող է տեղի ունենալ մոտակա շաբաթների ընթացքում:
«Նման հնարավոր հանդիպում ներկայում մշակվում է, որոշում նման հանդիպման անցկացման ու օրվա մասին ընդունված չէ, սակայն հանդիպումը շատ ակտիվորեն մշակվում է: Խոսքը մոտակա շաբաթների մասին է»,- հայտնել է նա: