
Սիրիայում փախստականների ճամբարին հասցված հարվածի հետևանքով տասնյակ մարդիկ են սպանվել

Սիրիայում փախստականների ճամբարին հասցված հարվածի հետևանքով տասնյակ մարդիկ են սպանվել: Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնի տվյալով՝ հարվածը հասցվել է երեկ ցերեկը «Կամունա» ճամբարին, որը գտնվում է Իդլիբ նահանգում՝ Սարմանդա քաղաքի հարևանությամբ, որը գտնվում է ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Սոցցանցերում տեղադրված լուսանկարներում երևում են ավերված վրանները, հայտնում է BBC-ն:
Զոհերի մասին ճշգրիտ տեղեկություններ դեռ չկան, սակայն ակտիվիստները պնդում են, որ զոհվել է նվազագույնը 30 մարդ, տասնյակ մարդիկ ստացել են վնասվածքներ: Թե հատկապես ով է ավիահարվածի հեղինակը, դեռ հստակ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի համաձայնություն էր ձեռք բերվել Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի մասին:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի ճնշման ներքո սիրիական զորքերը և ապստամբները նույնպես համաձայնել էին ժամանակավոր զինադադարին Հալեպ քաղաքում, որն ավելի վաղ ներառված չէր «լռության ռեժիմում»: Սիրիայում կրակի դադարեցման մասին համաձայնությունը ձեռք էր բերվել փետրվարին: Այն չի տարածվում ՄԱԿ-ի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների վրա:
Վերջին շրջանում պայմանավորվածությունները սպառնալիքի տակ էին հայտնվել Հալեպի շրջանում թեժ մարտերի պատճառով, որտեղ երկու շաբաթում մոտ 300 մարդ էր սպանվել:
ՄԱԿ-ն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ եթե սիրիական զինադադարը ձախողվի, հետևանքներն աղետալի կլինեն: Մասնավորապես, ըստ կազմակերպության, շուրջ 400 հազար մարդ ապաստան որոնելու նպատակով կուղևորվի Թուրքիա:
«Կամունա» ճամբարը գտնվում է Սարմանդ քաղաքի 4 կմ և թուրքական սահմանից 10 կմ հեռավորության վրա:
Սպիտակ տունը դատապարտել է հարձակումը: «Այդ մարդիկ գտնվում են ամենահուսահատ վիճակում, որը հնարավոր է միայն պատկերացնել, ու ոչ մի արդարացում չկա ռազմական գործողությունների իրականացման համար, որը ուղղված է նրանց դեմ»,- ասել է ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայի ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: