Նուբարաշենի խճուղում սպանության գործով դատավճիռը բողոքարկվել է. դատախազը մեղադրյալների համար ցմահ ազատազրկում է պահանջում

2003թ. Նուբարաշենի խճուղում մի քանի անձանց սպանության դեպքի առթիվ հարուցված 2 մեղադրյալների մասով կայացված դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ դատարան: Դատավճիռը բողոքարկել է դատախազը՝ պահանջելով ամբաստանյալներ Անդրանիկ Երեմյանի, Կամսար Հակոբյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ցմահ ազատազրկում:

Կամսար Հակոբյանին և Անդրանիկ Երեմյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ «տեղեկանալով Արթուր Սարգսյանի` Արկադի և Արտյոմ Գևորգյանների սպանությունը կազմակերպելու մտադրության մասին, Ա.Երեմյանի և Ա.Սարգսյանի հետ միասին համաձայնել են Արթուր Սարգսյանի պատվերի, այն է՝ գումարային վարձատրության դիմաց կատարել սպանությունը»:

Ըստ մեղադրանքի՝ 2003թ. հունիսի 25-ին դարանակալել են Նուբարաշենի խճուղում և ավտոմեքենայի տվյալ ճանապարհահատվածով ընթանալու պահին երկու կամ ավելի անձանց շահադիտական դրդումներով ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ հրազենային կրակահերթեր են արձակել ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով վարորդ Սաշիկ Հակոբյանը, ուղևորներ Գ.Հարությունյանը և Ա.Գևորգյանը ստացած բազմաթիվ հրազենային վնասվածքներից մահացել են, իսկ մյուս ուղևոր Ա.Գևորգյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն ամբաստանյալներին մեղավոր էր ճանաչել՝ դատապարտելով 15 տարվա ազատազրկման:

Դատաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում ամբաստանյալներ Անդրանիկ Երեմյանն ու Կամսար Հակոբյանն իրենց մեղավոր չէին ճանաչել: Վերաքննիչ դատարանում քրեական գործը քննում են դատավորներ Մանուշակ Պետրոսյանը, Արշակ Խաչատրյանը, Սևակ Համբարձումյանը:

Տեսանյութեր

Լրահոս