Եթե մայիսի 8-ին կամ 9-ին Ադրբեջանն ինչ-որ գործողություն անի, ՀՀ-ն կճանաչի ԼՂՀ անկախությունը. «ՀԺ»

Հարցազրույց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

 Պարոն Գրիգորյան, այսօր մարդկանց մի շատ կոնկրետ հարց էհետաքրքրում՝ ի վերջո լայնամասշտաբ նոր պատերազմի սպասե՞նքառաջիկա օրերին, թե՞ ոչ:

– Ես այդպես պրիմիտիվ չէի դնի հարցը: Բոլորիս դա հուզում է, բայց ես չեմ ուզում այդպես միանշանակ ասել` կլինի, կամ՝ ոչ: Հավանականությունը մեծ է, այո: Բայց շատ ու շատ քայլերից է կախված` կլինի, թե ոչ: Առաջինը քայլը զսպիչ նշանակություն ունի: Ուժեղացնում ենք ճակատը, մի քանի երեւացող քայլեր ենք անում, ծանր տեխնիկան մոտեցնում ենք շփման գիծ: Պետք է ցույց տաս քո ուժը, որ հակահարված կտաս, եւ ինչքան հասկանում եմ՝ դա արվում է: Մյուս դաշտը, որտեղ պետք է քայլեր արվեն՝ ցույց տալու համար վճռականությունը, դա ներքին կյանքն է: Ներքին կյանքում պետք է փոփոխություններ արվեն, օրինակ` կոռուպցիայի դեմ պայքար, նույնիսկ մեծ աղմուկով մի քանի դատական գործերի միջոցով: Դա ցույց կտա, որ իշխանությունները ուզում են լավացնել ներքին իրավիճակը: Եվ երրորդը, որ շատ կարեւոր է, դիվանագիտական դաշտում արվող քայլերն են: Պետք է աշխարհի հետ աշխատես, բացատրես՝ ինչ է անում Ադրբեջանը: Ես այս շարքում եմ դիտում այն նախաձեռնությունը, որով հանդես եկավ կառավարությունը: Ի վերջո կառավարությունը ընդունեց երկու պատգամավորների առաջարկը, որը կապված է Ղարաբաղի անկախության ճանաչման հետ:

Ու փաստորեն հիմա այդ նախագիծը դարձավ կառավարության նախագիծ ու մտավ Ազգային ժողով: Սա էլ լուրջ զսպիչ մեխանիզմ է Ադրբեջանի համար, քանի որ Ադրբեջանը այսօր կհասկանա, եթե կսկսի երրորդ լայնամասշտաբ պատերազմը, ակնհայտ է, որ այդ օրենսդրական նախաձեռնությունը շատ արագ կընդունվի պառլամենտում: Մեկ- երկու օր քննարկում կլինի համապատասխան հանձնաժողովում, հետո կդրվի արտահերթ նստաշրջանում ու կճանաչվի Ղարաբաղի անկախությունը: Այդ քայլերը Ադրբեջանի համար կարող են դառնալ ինչ-որ չափով զսպիչ գործոն: Բացի դրանից, տեսնում ենք նույն Ռուսաստանի արձագանքը: Մինսկի խումբը մտահոգված է, ուրեմն դա ազդակ է Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ ավելի արդյունավետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը հարձակման չգնա:

 Երեքշաբթի ԱԺ արտահերթ նիստ է հրավիրված, կապո՞ւմ եք դա  այս գործընթացի հետ:

– Միանշանակ, քանի որ ես այլ խնդիր չեմ տեսնում այդքան կարեւոր, որ արտահերթ նիստ լինի: Դա շատ լավ է: Դա չի նշանակում, որ արտահերթ նիստում Ղարաբաղի անկախությունը կճանաչվի, բայց արտահերթ նիստը հրավիրված է զգուշացնելու համար` եթե դուք այ հիմա սկսեք… Դուք գիտեք, որ այդ լուրը տարածված է, որ Ադրբեջանը ուզում է հենց մայիսի 8-ին կամ 9-ին ինչ-որ գործողություն անել: Եվ շատ ճիշտ է, որ նիստը համընկնում է այդ օրերի հետ, որովհետեւ դա նշանակում է, որ եթե իրոք հարձակում լինի. մենք կճանաչենք:

 Ի՞նչ կտա դա, ինչով մեզ կօգնի այդ քայլը:

– Պատերազմական կոնտեքստում չի օգնի: Բայց Ադրբեջանի այդ լրջագույն սխալից օգտվելով, դա լրջագույն սխալ կլինի Ադրբեջանի կողմից, մենք մի այլ իրավիճակի մեջ կդնենք խնդիրը: Պատերազմական իրավիճակում ակնհայտ է, որ կգտնվեն պետություններ, տարբեր պետությունների նախագահներ, որ կմիանան մեզ եւ կճանաչեն Ղարաբաղի անկախությունը: Ուրեմն վերջ, դու կգնաս այդ ճանապարհով: Ես կողմնակից եմ բանակցությունները վերսկսելուն, վստահության մթնոլորտ ստեղծելուն, բայց խոսքը գնում է կոնկրետ իրավիճակի մասին, այսօր իրավիճակը այն է, որ պետք է զսպել Ադրբեջանին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս