ԱՄՆ-ում վիրաբույժ-ռոբոտը մարդուց լավ է վիրահատում
ԱՄՆ-ում մշակել են աշխարհում առաջին ռոբոտը, որը վիրահատությունների ընթացքում որոշակի գործառույթներ ավելի լավ է կատարում, քան վիրաբույժի ձեռքերը:
STAR (Smart Tissue Autonomous Robot) ինքնավար սարքը կազմված է ռոբոտացված ձեռքից եւ կարեր դնելու ավտոմատացված գործիքից: Ռոբոտը նաեւ հանդերձված է գործողությունների հստակ ուղի նշող ինֆրակարմիր պատկերի 3D-համակարգով եւ սենսորների համակարգով. օրինակ, այն բանի համար, որ կարերը չափազանց ձիգ կամ, ընդհակառակը, թույլ չլինեն:
Վաշինգտոնի առողջապահության ազգային մանկական համակարգի մասնագետները STAR-ը թեստավորել են խոզերի վրա՝ նկատի ունենալով նրանց ներքին օրգանների դասավորության նմանությունը մարդու օրգանների հետ:
Մասնագետների կարծիքով՝ ռոբոտը պահանջված կլինի այնպիսի վիրահատություններում, ինչպիսիք են կույր աղիքի եւ լեղապարկի հեռացումը:
Հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ կլինիկական փորձարկումները հնարավոր է սկսել առաջիկա երկու կամ երեք տարիներին, նշում է հրատարակությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: