Եվրահանձնաժողովն առաջարկել է Թուրքիայի քաղաքացիների համար սահմանել առանց վիզային ռեժիմ
Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Թուրքիայի քաղաքացիների համար սահմանել առանց վիզային ռեժիմ, եթե Անկարան շտապ կարգով իրականացնի դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները, հայտնում է RIA Novosti-ն:
«Եվրահանձնաժողովն այսօր առաջարկում է Եվրամիության խորհրդին և Եվրախորհրդարանին չեղարկել վիզային պահանջները Թուրքիայի քաղաքացիների համար, եթե թուրքական իշխանությունները շտապ կարգով իրականացնեն, ինչպես և խոստացել էին մինչև 2016թ. մարտի 18-ը, վիզային ազատականացման համար անհրաժեշտ մնացած պայմանները»,- ասվում է փաստաթղթի տեքստում, որն իր Twitter-ում հրապարակել է մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգարեթ Վեստագերը:
Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Տիմմերմանսը բացատրել է, որ 5 կետ պետք է իրականացվի մինչև հունիսի վերջ:
Խոսքը կոռուպցիայի կանխարգելման միջոցառումների մասին է, «Եվրոպոլի» հետ օպերատիվ համաձայնագրի մասին բանակցությունների անցկացման, ԵՄ անդամ երկրների հետ դատական համագործակցության մասին է: Անկարան պետք է վերանայի նաև ահաբեկչության մասին օրենսդրությունը: