Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Հարցումն անցկացվել է Բունդեսլիգայի պաշտոնական կայքի թվիթերյան էջում: Հենրիխ Մխիթարյանի օգտին քվեարկել են մասնակիցների 42 տոկոսը: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Բավարիա»-ի կիսապաշտպան Արթուրո Վիդալը, ով հավաքել է ձայների 31 տոկոսը:
Հենրիխ Մխիթարյանը ապրիլին Բունդեսլիգայի շրջանակներում անցկացվող խաղերի ընթացքում դարձել է մեկ գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հենրիխ Մխիթարյանն իր խոսքում ընդգծել է, որ անընդհատ ցանկանում է կատարելագործվել: Նա նշել է, որ ինքը մշտապես կատարելագործվելու ձգտում է ունեցել անգամ պատանեկան տարիներին: «Բայց ես չէի էլ պատկերացնում, որ մի օր խաղալու եմ Դորտնումդի «Բորուսիա»-ում»,- ասել է նա:
«Դու գնդակը փոխանցում ես նրան, նա ինչ-որ գործողություն է անում, որը հանգեցնում է գոլի: Ես կարծում եմ, որ կասկած չի կարող լինել, որ նա մրցաշրջանի լավագույն խաղացողն է: Շատ ուրախ ենք, որ նա խաղում է մեզ հետ»,- խոսելով Մխիթարյանի մասին՝ ասել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Գոնսալո Կաստրոն:
Դորտմունդի «Բորուսիա»-ի եզրային պաշտպան Մարսել Շմելցերն էլ նշել է՝ այն ինչ անում է Մխիթարյանը խաղադաշտում, անհավանական է: «Նրա դեմ պաշտպանվելը շատ դժվար է: Մենք դա ամեն օր տեսնում ենք մարզումների ժամանակ: Ես կարծում եմ, որ սա լուրջ պատճառ է նրան երկար ժամանակ ակումբում պահելու համար»,- ասել է Շմելցերը: