Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց կարիքն ունեն. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Ռուսաստանն ու Թուրքիան, չնայած Սիրիայում խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռին, մնում են տարածաշրջանի երկու կարևոր պետությունները ու միմյանց կարիքն են զգում:
«Մեր վարքագիծը մնում է նախկինը: Թուրքիան և Ռուսաստանը միշտ հարևաններ են եղել: Այսօր մենք տարածաշրջանի կարևոր երկրներն ենք: Մենք միմյանց կարիք ունենք: Ինքնաթիռի հետ կատարվածն ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ»,- հայտարարել է Դավութօղլուն Al Jazeera Turk-ին տված հարցազրույցում՝ հույս հայտնելով, թե երկու երկրների միջև հարաբերությունները կբարելավվեն:
Լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է նման սցենար, երբ Ռուսաստանը հանդես կգա Սիրիայում թուրքական զորքերի դեմ և կսկսի ռմբակոծել թուրքերին, Դավութօղլուն տվել է բացասական պատասխան:
«Դա ճիշտ սցենար չէ: Այդ հողերը ռուսական չեն: Ռուսաստանը ՄԱԿ-ի մշտական անդամ է: ՄԱԿ-ի որոշումը ԴԱԻՇ-ի դեմ պայքարի մասին, հայտնի է: Այստեղ խոսքը մեր ազգային անվտանգության մասին է: Մենք ոչ մի երկրի հետ չենք ցանկանում հակասության մեջ մտնել, ներառյալ՝ Ռուսաստանի:
Մենք նախկինում ունեցել ենք լավ հարաբերություններ, մենք ցանկանում ենք, որ դրանք լավը լինեն նաև ապագայում, սակայն երբ խոսքը վերաբերում է ազգային անվտանգությանը, մենք դրա համար կձեռնարկենք ամեն անհրաժեշտ քայլ: Այստեղ ոչ թե Ռուսաստանն է բախվում ԴԱԻՇ-ից եկող սպառնալիքին, այլ Թուրքիան»,- հավելել է նա: