«Հորս ասել էին, որ զոհվել եմ, հարազատ, բարեկամ հավաքվել էին, ու մեկ էլ` հեռախոսազանգ… «Պա՛պ, ե՛ս եմ, չեմ զոհվել»

Ես ու լուսանկարիչը նորից տեսակցության ենք գնացել թիվ 5 հիվանդասենյակի հերոսներին: Խմբագրության օպերատոր Կարինեի թխած տորթը դնում եմ սեղանին ու բարեխղճորեն բացատրում:

– Կարինեն ասաց` հատուկ Դավիթի, Արմանի, Էրիկի ու Նարեկի համար:

– Խաչիկին չենք տալո՞ւ,- Արմանը դեմքին զարմանք է նկարել:

– Համալրում ունենք,- գլխով ցույց է տալիս Նարեկը:

Ո՞նց չէի նկատել` թիվ 5 հիվանդասենյակի 5-րդ հիվանդին:

Արագ-արագ մոտենում եմ մահճակալին: Սիրուն, թխահեր տղա է, խաղաղ դեմքով ու ժպտուն, թևը վիրավոր է, ոտքերը վերմակի տակ են:

– Միայն թև՞դ է,- հարցնում եմ վախով, գլխով է անում:

– Ապրես` ասում եմ խանդավառված: Ես նստում եմ մահճակալի մոտ դրված աթոռին: Եվ մենք սկսում ենք զրուցել:

– 7-8 ժամ գումարտակի վրա կրակում էին, անընդհատ կրակում էին, ու չէինք կարողանում թաքստոց մտնել:

– Հոգեբանորեն պատրա՞ստ էիք նման իրավիճակի,- հարցնում եմ Խաչիկին,- ի՞նչ էիք զգում, ի՞նչ էիք մտածում… վախենո՞ւմ էիք:

– Երբ հրամանատարն ասաց, որ դիրք ենք կորցրել, այ, էդ ժամանակ զգացինք:

– Ի՞նչ:

-Կատաղություն, ցավ, ամոթ… Իրար ասում էինք` պիտի դիրքերը ետ վերցնենք: Արագ զենք ստացանք ու դուրս եկանք մարտի: Հետո… ինչպես պատերազմական ֆիլմերում: Առաջին հարվածից հետո ցավ չզգացի, բայց երկրորդ ալիքն ինձ առավ ու շպրտեց: Ձեռքս անշարժ կախվել էր: Զինվորական վերնազգեստս հանեցի, ամուր կապեցի, որ չարնահոսեմ: Հետո պատսպարվեցի տներից մեկում: Մտածում էի` գոնե ամուսնացած լինեի…

Չի ժպտում, լուրջ-լուրջ նայում է:

– 18 տարեկանո՞ւմ,- հարցնում եմ զարմացած:

– Հայ տղան պիտի շուտ ամուսնանա, գոնե իրենից հետո երկու տղա թողնի, նոր զոհվի:

– Հայ տղան պիտի չզոհվի առհասարակ,- իբր բան եմ ասում:

– Չզոհվելու հրաման չէր եղել,- կատակում է:

-… Ես չզոհվեցի: Հորս ասել էին, որ զոհվել եմ: Լուրը տարածվել էր: Հարազատ, բարեկամ հավաքվել էին: Ու մեկ էլ` հեռախոսազանգ: Զոհվածն է,- Խաչիկը ծիծաղում է, իսկ ես հազիվ եմ զսպում արցունքներս` ոնց կարելի է, որ այս տղան զոհված լիներ, այս հրաշալի տղան, այսքան ջահել, սիրուն, կյանքով լի…

– Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում, երբ հայրս լսում է իմ ձայնը, երբ ասում եմ` պա՛պ, ես եմ, չեմ զոհվել:

– Պատկերացնում եմ: Երևի հորդ կյանքի ամենաերջանիկ պահն էր:

– Խաբեցի, ասացի` շատ լավ եմ, վիրավոր չեմ: Բայց հետո, երբ հոսպիտալում էի, իմացան ճշմարտությունը:

– Հեռախոսահամարս վերցրեք,- հրաժեշտ տալիս ասում է Խաչիկը,- ես հռչակավոր ատամնաբույժ եմ դառնալու, հեռախոսահամարս պետք կգա…

Եվ ժպտում է մտերմիկ, չարաճճի:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
hayzinvor.am

Տեսանյութեր

Լրահոս