Դնեպրոպետրովսկում ձերբակալվել է 12 «օրենքով գող», այդ թվում՝ Վիտյա Թբիլիսկին և Վիգեն Երևանսկին
Դնեպրոպետրովսկում ոստիկանությունը հյուրանոցա-ռեստորանային համալիրում հանդիպման ժամանակ ձերբակալել է հանցագործ աշխարհում հեղինակություն վայելող 12 անձի: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով Դոնեցկի մարզի Ազգային ոստիկանության պետ Վյաչեսլավ Ամբրոսկինին:
Վերջինս հայտնել է, որ ոստիկանությունը տեղեկություն է ստացել Դոնեցկի ու Դնեպրոպետրովսկի մարզերի հանցագործ հեղինակությունների խոշոր «սխոդկայի» մասին: «Հավաքին մասնակցում էին ինչպես օկուպացված, այնպես էլ Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից: Նպատակը եղել է իրենց գործունեության մասին «հաշվետվություն» ներկայացնելն ու ապագայի պլանների մասին տեղեկացնելը»,- Facebook-ում գրել է Ամբրոսկինը:
Նրա խոսքով՝ ձերբակալվածների թվում են «օրենքով գողեր» Վիտյա Թբիլիսկին, ինչպես նաև Վիգեն Երևանսկին, «Մոզգը» և այլք: Ընդհանուր առմամբ՝ ձերբակալվել է 12 մարդ:
Ամբրոսկինը նշել է, որ որոշ «օրենքով գողեր» կարողացել են խուսափել Դնեպրոպետրովսկում ձերբակալությունից, սակայն ավելի ուշ հայտնաբերվել են Կրասնոարմեյսկում:
«Ձերբակալվել է 8 անձ, 2-ը կենթարկվի քրեական պատասխանատվության թմրամիջոցներ պահելու մեղադրանքով, իսկ մյուսներին խորհուրդ եմ տալիս հավաքել ճամպրուկներն ու լքել Դոնեցկի մարզը»,- հավելել է վերջինս:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Ռաֆիկ Երևանսկի անունով հայտնի «օրենքով գողը» Կիևում ձերբակալվել էր ուժայինների կողմից: Տղամարդը բանտում անցկացրել էր 12 տարի խուլիգանության, գողության, զենքի ու թմրանյութերի անօրինական շրջանառության մեղադրանքներով: