Բաժիններ՝

Լոռիում ապրում է Ղարաբաղից եկած 29 ընտանիք

asparez.am. Ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին իսկ օրերից ռմբակոծության ենթարկվող Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ գյուղերի բնակիչներն սկսեցին գալ Հայաստան: Եկողները հիմնականում կանայք, երեխաներն ու ծերերն էին, իսկ մարտունակ տղամարդիկ մնացել էին Արցախում՝ պաշտպանելու հայրենի հողը:

Հայաստան եկողների մի մասը հաստատվեց Լոռիում: Վանաձորի հարեւանությամբ գտնվող Շահումյան համայնքում Թալիշից գաղթած Հովհաննիսյանների բազմանդամ ընտանիքը միանգամից մի քանի բնակարան զբաղեցրեց, որը նրանց տրամադրեցին բարեկամները:

Մեկ ամսվա ընթացքում Ղարաբաղից եկած ընտանիքների թիվն աստիճանաբար ավելացավ: Ներկայումս Լոռիում ժամանակավորապես բնակություն է հաստատել 29 ընտանիք: Նրանք սփռվել են մարզի թվով 18 քաղաքային ու գյուղական համայնքներում:

Առավելագույն թվով ընտանիքների հյուրընկալել է Շահումյան համայնքը. այսօր այստեղ բնակվում է 5 ընտանիք:

Մարզի քաղաքային համայնքներում հաստատվել է 8 ընտանիք, որից 4-ը՝ Վանաձորում, 2-ը՝ Ստեփանավանում, 1-ը՝ Սպիտակում, 1-ը՝ Թումանյանում:

Ազնվաձոր, Լեռնավան, Ուռուտ գյուղերում բնակվում է 2-ական, Բազում, Գուգարք, Եղեգնուտ, Գեղասար, Ղուրսալի, Մեծ Պարնի, Գարգառ, Յաղդան, Թեղուտ, Վարդաղբյուր համայնքներում՝ 1-ական ընտանիք:

Չնայած նրան, որ պետական մարմինները, հասարակական կազմակերպություններն ու անհատներն այս ընթացքում որոշակի աջակցություն են ցուցաբերել այս ընտանիքներին՝ տրամադրելով գումար, սնունդ, հագուստ, ղարաբաղցի ընտանիքների չափահաս անդամները նախընտրում են աշխատանք գտնել ու ինքնուրույն հոգալ սեփական կարիքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս