Մհեր Սեդրակյանի որդու ունեցվածքը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին Երևանի ավագանու անդամ. ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտների հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ նա նախորդ տարի 421 մլն դրամ եկամուտ Է ստացել աշխատավարձից և շահաբաժիններից։ Միայն աշխատավարձը կազմել է 4.3 մլն դրամ, իսկ շահաբաժիններից ստացել է 313 և 95 մլն դրամ։
Դավիթ Սեդրակյանի նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ նա 2012 թ. 190 միլիոն 993 հազար 500 դրամով հողամաս է գնել, իսկ 13.7 միլիոնով՝ հողին ամրակայված այլ անշարժ գույք։ 2013 թ. նա 9 միլիոն դրամով ձեռք է բերել հողամաս, իսկ 244 հազար 500 դրամով հասարակական նշանակության շինություն։ Նույն տարում երկու հողամաս էլ վաճառել է, օտարման արդյունքում ստացել է 46.6 միլիոն և 9 միլիոն 48 հազար դրամ։ Գույքի օտարումից նա ընդհանուր առմամբ ստացել է 182 միլիոն դրամ եկամուտ։ Իսկ 2014 թ. Դավիթ Սեդրակյանն 9 հատ հողամաս է գնել, որոնք արժեցել են 2.55 միլիոն, 3 միլիոն, 2 միլիոն, 132 միլիոն. 2 միլիոն 40 հազար. 39.3 միլիոն, 8.8 միլիոն. 2.2 միլիոն և 11.4 միլիոն դրամ։ Բացի այս նա 450 հազար դրամով և 33 միլիոն դրամով երկու հատ արտադրական նշանակության շինություն է գնել, իսկ 360 հազար դրամով, 250 հազար դրամով և 18 միլիոն 595 հազար դրամով 3 հատ հասարակական նշանակության շինություն։ Այսպիսով, նա ունի 9 հողամաս, 4 հասարակական նշանակության շինություն, 2 արտադրական նշանակության շինություն և 1 հողին ամրակայված այլ անշարժ գույք։
Նկատենք, որ Սեդրակյանի հայտարարագրերում որևէ նշում չկա նրա դրամական միջոցների մասին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։