ԱՄՆ-ում Johnson&Johnson-ին պարտավորեցրել են 55 մլն դոլար վճարել քաղցկեղով հիվանդացած կնոջը
ԱՄՆ-ի Միսուրիի նահանգի դատարանը Johnson&Johnson ընկերությանը պարտավորեցրել է 55 միլիոն դոլար վճարել այն կնոջը, ով պնդում է, որ իր մոտ ձվարանների քաղցկեղ է զարգացել ընկերության արտադրած հիգիենիկ միջոցների օգտագործման պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Երեքշաբաթյա դատաքննությունից հետո երդվյալները վճիռ են կայացրել հօգուտ Գլորիա Ռիսթեսանդի: Նրան հատկացրել են 5 միլիոն դոլար՝ որպես նյութական վնասի փոխհատուցում եւ 50 միլիոն դոլար՝ որպես պատժամիջոց բարոյական վնասի համար:
Հայցվորուհու խոսքով՝ ինքը շատ տասնամյակներ օգտագործել է Johnson&Johnson-ի փոշու արտադրանքը, մասնավորապես, Baby Powder-ը եւ Shower to Shower Powder-ը որպես ինտիմ հիգիենայի միջոց: Կնոջ մոտ ախտորոշել են ձվարանների քաղցկեղ, ինչից հետո հեռացրել են նրա արգանդը:
J&J-ի մամուլի քարտուղար Քերոլ Գուդրիչի խոսքով՝ վճիռը հակասում է հետազոտությունների տվյալներին, որոնք կատարվել են 30 տարի եւ հաստատել կոսմետիկական ցանափոշու անվտանգությունը: Ընկերությունը համաձայն չէ վճռին եւ մտադիր է գանգատարկել այն: