Բաժիններ՝

Հայկական բանակը տարեկան համալրվում է գիշերային տեսանելիության հարյուրավոր սարքերով

Արդեն 3-4 տարի է հայկական բանակը տարեկան համալրվում է հարյուրավոր գիշերային տեսադիտարկման սարքերով: Մայիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությանը, թե հայկական զինված ուժերը գիշերային տեսանելիության սարքերով ապահովված չեն, իսկ իշխանությունները այդ սարքերը բերել են միայն ԱԺ-ո ւմ իր հայտարարությունից հետո:

«Ընդ որում, ամեն ամիս դրանց թե՛ քանակն է ավելանում, թե՛ սերնդափոխությունն է իրականացվում: Եթե որևէ մեկը երբևէ առնչվել է գիշերային տեսանելիության սարքերի հետ, կիմանա, որ երկու տարում դրանք առաջին սերնդի ջերմադիտակից հասել են 2-րդ + սերնդի ջերմադիտակի: Սա միտում է, որը կա ամբողջ աշխարհում: Դա, այսպես ասած, կատարելության աստիճան չունեցող գործընթաց է, դա ամենօրյա է և կապ չունի որևէ մեկի հայտարարության հետ»,-  նշեց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ չի կարող ասել, թե հայկական բանակի պահանջարկի բոլոր հարցերը իդեալական վիճակում են: «Ես նման բան չեմ կարող ասել: Եվ ընդհանրապես, եթե կա որևէ մեկը, որ կարծում է, թե աշխարհի որևէ բանակում նման իրավիճակ կա, նա առնվազն միամիտ է: Բայց ասել, թե մեկ մարդու հայտարարությունից կամ քննադատությունից հետո գնացել միջոցներ են ձեռք բերել, առնվազն ծիծաղելի է»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս