Ո՞վ է մեղավոր ՀՀ էներգետիկ ոլորտի խնդիրների համար
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Համաշխարհային բանկի (ՀԲ) Գործադիր տնօրենների խորհուրդն ապրիլի 26-ին հաստատեց 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկը՝ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման արդյունքահենք ծրագրի» (ԱՀԾ) համար։
Լավ, իսկ ե՞րբ, ու ամենակարևորը՝ ինչո՞ւ է հիվանդացել էներգետիկ համակարգը։ Թեպետ այս մասին շատ է խոսվել, սակայն մինչ օրս ընդհանուր ընկալումը հետևյալն է՝ համակարգը հիվանդացել է Հայաստանի էլեկտրական ցանցերի պատճառով։
Սակավաջրության, ատոմակայանի կանգնելու և այլ պատճառներով ՀԷՑ-ը ստիպված թանկ էլեկտրաէներգիա է գնել։
Բնականաբար, կրել է վնասներ, որոնք պետք է 3 տարվա ընթացքում մաս-մաս փոխհատուցվեին։ Այդ ընթացքում՝ ՀԷՑ-ն ինքն է թանկ վարկեր վերցրել և խրվել պարտքերի մեջ։ Ըստ ՀԲ հաշվարկների, 2012-2014 թթ. ՀԷՑ-ի կրած վնասի գումարային մեծությունը կազմել է շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ պայմանավորված հասույթի պակասով, որը կուտակվել էր իր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով (օրինակ՝ սակավաջուր տարիներ, ՀԱԷԿ-ի՝ սպասվածից երկարատև ընթացիկ պահպանման աշխատանքներ)։ Այս ամենի հետևանքով ՀԷՑ-ը մատակարարների փողերը չի վճարել, և մատակարարները՝ Հայկական ատոմային էլեկտրակայանն ու Երևանի ՋԷԿ-ը, հայտնվել են խնդիրների առաջ։ Նրանք նույնպես թանկուկրակ վարկեր են վերցրել ու խրվել պարտքերի մեջ։ Սակագնի 6.9 դրամ թանկացման շնորհիվ ՀԷՑ-ը սկսել է թեթևացնել իր պարտքերը։ Իսկ ԵՋԷԿ-ի խնդիրները մնում են։ Ու եթե դրանք չլուծվեն (խոսքը մի քանի տասնյակ միլիոն դոլարների ճեղքվածքի մասին է), ՀՀ էներգամատակարարման համակարգը կկանգնի լրջագույն խնդիրների առաջ։
Շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ Հայաստանի էներգետիկ համակարգի ծանր վիճակի հիմնական մեղավորը ՀԷՑ-ն է, որը բոլորին, առաջին հերթին, ատոմակայանին և Երևանի ՋԷԿ-ին, գցել է կրակը։
Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Ատոմակայանի և ԵՋԷԿ-ի ֆինանսական ծանր վիճակի համար մեղավոր է ոչ միայն ՀԷՑ-ը, այլև վերը նշված ընկերությունների սեփական «բառադիությունը»։ ՀԲ-ի հաղորդագրության մեջ (ինչպես նաև՝ ասուլիսի ժամանակ) նշվում էր, որ այս ընկերությունները կատարել են հիմնական գործունեությանը չառնչվող ծախսեր։ Ի՞նչ է դա նշանակում։
Նշանակում է, որ պետական էներգետիկ ընկերությունները տրամադրել են ավելի քան 40 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկեր «Նաիրիտի» և Վանաձորի քիմիական գործարաններին՝ իրենց հիմնական գործունեությանը չառնչվող նպատակների համար։ Դրա մեծ մասը` 37.5 մլն դոլարը, տրամադրել է ԵՋԷԿ-ը՝ իր սակագնային եկամուտներից։ Մնացած վարկերը տրամադրվել են Որոտանի կասկադի կողմից, որն այժմ մասնավոր ընկերություն է։ Էլեկտրաէներգիայի արտադրող պետական ընկերությունները նաև փոխառություններ են տվել որոշ այլ` իրենց հիմնական գործունեությանը չառնչվող նպատակների, օրինակ` պաշտոնական ընդունելությունների համար պետությանը պատկանող շինության վերանորոգման համար։ Էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների հանդեպ այդ քիմիական գործարանների ընդհանուր պարտքը կազմում է շուրջ 60 մլն ԱՄՆ դոլար, ներառյալ՝ տույժերն ու տուգանքները։
Ի՞նչ կապ ունի «Նաիրիտը»։ Շատ ուղղակի, որովհետև 2010 թվականին կառավարությունն Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը հանձնարարել է ֆինանսավորել գործարանի շահագործման և պահպանման որոշ ծախսեր, այդ թվում` 2200 աշխատակցի աշխատավարձերը։ Էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունները սակագնով կարգավորվող իրենց հասույթից միջինն ամսական 1-2 միլիոն ԱՄՆ դոլար ուղղել են այդ ծախսերի ֆինանսավորմանը։
Ստացվում է՝ կառավարությունն ինքն է ոչ կոմպետենտ որոշումներով նպաստել, որ էներգետիկ համակարգը հայտնվի ծանր վիճակում։
ՀԲ-ի վարկը ծանր չէ՝ այն տրամադրվում է 25 տարի մարման ժամկետով, որից 14.5 տարին՝ արտոնյալ, լողացող տոկոսադրույքով (որն այս պահին կազմում է մոտ 2.8%)։ Արթուր Կոչնակյանն ասում է, որ այդ վարկը որևէ ազդեցություն չի ունենա սակագնի վրա։ Այսինքն, եթե վաղը կամ մյուս օրը որոշեն կրկին թանկացնել էլեկտրաէներգիան, չեն կարող հիմնավորումների թվում նշել նաև ՀԲ-ի 30 միլիոնանոց վարկը։ Սակայն, որքան էլ որ այդ վարկը հարմար ու օգտակար լինի, այն վճարելու են ՀՀ հարկատուները։
Հարցին, թե ո՞վ է մեղավոր, ինչո՞ւ պետք է այսպես լիներ, ՀԲ-ն, բնականաբար, դիվանագիտական պատասխան է տալիս։ «Ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել… Հիմա փաստն այն է, որ խնդիրը կա, և այն պետք է լուծել, որովհետև եթե ԵՋԷԿ-ի խնդիրը չլուծվի, Հայաստանի էներգամատակարարումը կարող է լուրջ խնդիրների առաջ կանգնել»,- ասում են բանկի աշխատակիցները։
Մենք ամեն դեպքում հիշեցնենք, որ կառավարության ղեկավարն այդ ժամանակ Տիգրան Սարգսյանն էր։ Իսկ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, մինչև 2013թ. հանդիսանում էր «Նաիրիտ գործարանի» փոխտնօրենը (փաստացի ղեկավարը) և ստանում էր բավականին կլորիկ աշխատավարձ՝ 3.5 մլն դրամ։ Ավելին, հետագայում մամուլում հրապարակումներ եղան, որ աշխատանքից ազատվելու ժամանակ վերջնահաշվարկ է կատարվել և Ա. Սարգսյանին վճարվել է մոտ 42 մլն դրամ աշխատավարձ։
Չենք ասում, որ նախկին վարչապետը հատուկ իր եղբոր «խաթեր» պետական ընկերության միջոցներով ապահովել է նրա աշխատավարձը, ուղղակի այս ամենը նշում ենք՝ ի գիտություն։ Սակայն՝ մեր ունեցած տեղեկություններով՝ նույն միջազգային կառույցները ժամանակին բազմիցս հորդորել են հրաժարվել իրենց որդեգրած արատավոր պրակտիկայից` նշելով, որ որոշ ժամանակ անց դա ավելի լուրջ խնդիրների է հանգեցնելու։