Բաղդադում ահաբեկիչը սպանել է 16 և վիրավորել 43 շիա ուխտավորների
                                    Բաղդադի հարավում՝ Սայդիա շրջանում, տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 16 մարդու, ևս 43 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում կատարելով ոստիկանությունում իր աղբյուրին:
Ինչպես Sputnik գործակալությանը հայտնել են Բաղդադի ոստիկանության մամուլի ծառայությունից, հարձակման զոհերը եղել են շիա ուխտավորները, որոնք պատրաստվել են այցելել իմամ ալ-Կազիմի դամբարան, որը գտնվում է Բաղդադի հյուսիսում:
Ահաբեկչությունն իրականացրել է պայթուցիկով լի մեքենայի ղեկին նստած մահապարտը: Ահաբեկչության պատասխանատվությունը դեռ ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել:
Շաբաթ օրը նմանատիպ մի հարձակում էր տեղի ունեցել Նախրավան շրջանում՝ Բաղդադից արևելք, որի ժամանակ սպանվել էր նվազագույնը 19 մարդ: Այս ժամանակ հարձակման պատասխանատվությունն ստանձնել էր ԴԱԻՇ-ը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    