«Հակառակորդը պատրաստ չէ պահպանելու ձեռք բերված պայմանավորվածությունը. Կորյուն Նահապետյան
Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ հակառակորդը պատրաստ չէ պահպանելու այն պայմանավորվածությունը, որոնք ձեռք են բերվել: Այս մասին «Արմեպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգութ յան և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ շեշտելով, որ հակառակորդը, կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունից հետո, գրեթե ամեն օր, խախտում է իր պայմանավորվածությունը՝ կիրառելով տարբեր զինատեսակներ:
«Վերջին մի քանի օրերի ընթացքում նկատելի էին նաև զանգվածային բնույթի խախտումներ: Ամեն դեպքում, մեր մոտեցումը շատ հստակ է ՝ մենք պետք է միշտ զգոն ու պատրաստ լինենք, անենք առավելագույնը՝ մեր ռազմական խնդիրները լուծելու համար: Վերջին օրերի զարգացումները խորը մտահոգություններ են առաջացնում և ցույց են տալիս, որ հակառակորդը պատրաստ չէ պահպանելու այն պայմանավորվածությունը որոնք ձեռք են բերվել, բայց, բարեբախտաբար, ՀՀ և ԼՂ զինված ուժերը և Արցախի պաշտպանության բանակն իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են»,-նշեց Կորյուն Նահապետյանը: Խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի դասերից՝ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահն փաստեց, որ, բացի դասերից պետք է նաև խորը վերլուծություն իրականացնել:
«Դասեր քաղել ենք, բայց դեռ ժամանակ կպահանջվի խորը վերլուծություններ կատարելու ու նոր քայլեր իրականացնելու: Այնպես չէ, որ կան խնդիրներ որոնք այսպես՝ 1 օրվա ընթացքում, հնարավոր է լուծել: Սակայն կա հաստատակամություն, մեծ վստահություն, նաև երկրի բարձր ղեկավարությունն իրականացնում է նոր քայլեր ու նոր միջոցներ, որպեսզի մենք կարողանանք մեր առջև դրված խնդիրներին լուծումներ տանք: Խնդիրներ, որոնք վերաբերում են նաև մեր ազգային անվտանգության համակարգի ամրապնդմանը և պաշտպանականության մակարդակի բարձրացմանը»,-հավելեց Կորյուն Նահապետյանը:
Արմենուհի Մխոյան