Օբաման զվարճալի տեսահոլովակում պատմել է, թե ինչ է անելու Սպիտակ տնից հեռանալուց հետո
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեսահոլովակ է թողարկել, որում կատակով պատմել է այն մասին, թե ինչ է պլանավորում անել Սպիտակ տնից հեռանալուց հետո: Տեսագրությունը զետեղված է YouTube-ում ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի պաշտոնական ալիքում:
Տեսահոլովակի ամենասկզբում Օբաման խորհուրդ է հարցնում փոխնախագահ Ջո Բայդենից, ինչից հետո ապարդյուն փորձում է որպես մարզիչ տեղավորվել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Վաշինգտոն Ուիզարդս» ակումբում: Հարցին, թե նա ունի արդյոք մասնագիտությամբ աշխատանքի փորձ, Օբաման պատասխանում է. «Ես մի քանի անգամ մարզել եմ իմ դստեր թիմը»:
Նա նաեւ փորձում է վարորդական իրավունք ստանալ, բայց նրա երկրորդ անունը՝ Հուսեյն, կասկած է առաջացնում պաշտոնյայի մեջ, իսկ Հավայիում տրված ծննդյան վկայականը նրան վերջնականապես համոզում է, որ իր առջեւ խարդախ մեկն է:
Օբաման որոշում է իրեն փորձել գովազդում՝ իր տիկնոջ՝ Միշելի iPhone-ի վրա ձայնագրելով Obamacare-ը (նախագահի կողմից անցկացնող բժշկական ապահովագրության բարեփոխում) հիանալի կատակ է, եւ այն, իրոք, աշխատում է» արտահայտությունը: Սակայն հեռախոսի վրա տեղակայված ֆիլտրը Օբամայի դեմքը վերածում է հրեշի դիմակի:
Ի վերջո, նախագահը խորհուրդ է խնդրում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյներից, եւ նա խորհուրդ է տալիս Օբամային՝ ամեն ինչին ավելի պարզ վերաբերվել: Վերջիվերջո նախագահը հոգեկան հանգիստ է գտնում, եւ տեսահոլովակն ավարտում է նորությունների թողարկման հատվածով. հաղորդավարը հայտնում է, որ Օբաման «գոլֆի արդեն 347-րդ փուլն է խաղում եւ բոլորի համար միեւնույնն է»:
ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները տեղի են ունենալու 2016 թվականի նոյեմբերի 8-ին: Օբաման իր պաշտոնը կթողնի 2017 թվականին հունվարին: Ավելի վաղ նա հայտարարել է, որ պլանավորում է ընտանիքի հետ եւս մի քանի տարի ապրել Վաշինգտոնում, որպեսզի կրտսեր դուստրը՝ Սաշան, հասցնի ավարտել դպրոցը:
Նախագահը չի բացառել, որ ապագայում Օբամա զույգը կարող է տեղափոխվել Հավայի կամ Չիկագո, որտեղ ծնվել է Օբամայի տիկինը՝ Միշելը: