Գիտնականները նախազգուշացնում են Զիկա վիրուսի նոր կործանարար հետևանքների մասին
Բրազիլացի գիտնականները պնդում են, որ Զիկա վիրուսն ավելի վտանգավոր է մարդու համար, քան համարվում էր ավելի վաղ: Ինչպես հայտարարել են փորձագետները BBC-ին տված հարցազրույցում, վիրուսը կապված է ոչ միայն նորածինների մոտ միկրոցեֆալիայի, այլեւ նյարդաբանական մի շարք այլ խախտումների հետ:
Բրազիլացի նյարդաբան Ռենատո Սայի խոսքով՝ նյարդային համակարգի վրա վիրուսի կործանարար ազդեցությունը կարող է աննկատ մնալ երկար ժամանակ: Դա վերաբերում է վիրուսով վարակված յուրաքանչյուր հինգերորդ կնոջ: Ինչպես պնդում է բժիշկը, դա կարող է նշանակել, որ այսօր բազմաթիվ կանայք ապրում են Զիկա վիրուսով՝ չկասկածելով այդ մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ գարնան գալով՝ աշխարհում վիրուսի տարածման վտանգն ավելու ու ավելի իրական է դառնում:
Ինչպես ասված է վիրուսի հետազոտություններից մեկում, որը հրապարակվել է ապրիլի վերջին, վիրուսի տարածման հավանական շրջաններն ընդգրկում են Ավստրալիայի հյուսիսից մինչեւ Հարավային Ասիա ընկած տարածքը, Աֆրիկայի ամբողջ կենտրոնական մասը եւ արեւմտյան ու հարավային շրջանները, ինչպես նաեւ Հարավային Ամերիկայի մեծ մասը եւ Հյուսիսայինի մի մասը, ներառյալ ԱՄՆ-ի առափնյա շրջանները:
Հետազոտության համաձայն, ընդհանուր առմամբ, Զիկա համաճարակի սպառնալիքի տակ գտնվող շրջաններում 2,2 մլրդ մարդ է ապրում: