
«Չեմ եկել մեկնաբանելու Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախ՝ չցանկացավ մեկնաբանել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը, ապա նշեց.
«Եկեք ամեն ինչ դնենք մի կողմ և պարզ խոսենք: Արդյո՞ք դուք կարծում եք, որ այս թեմայի հետագա քննարկումը բարձրացնում է մեր զինվորի ոգին, որ կանգնած է առաջնագծում: Արդյոք չե՞ք կարծում, որ երկրի արտաքին քաղաքականությունն Ազգային ժողովի մանդատը չէ, դա երկրի ղեկավարի մանդատն է, իսկ Սերժ Սարգսյանի տեսակետներին կարողացել եք հաղորդակից լինել բազմաթիվ հարցազրույցների միջոցով: Այս հարցի իրական տերը ԼՂՀ-ն է, որի ղեկավարը բարձրաձայնեց ԼՂՀ պետության և ժողովրդի մոտեցումը»:
Հարցին՝ կո՞ղմ է Հերմինե Նաղդալյանի հրաժարականին, Աշոտյանը պատասխանեց, որ հարցը ոչ կոռեկտ է համարում:
«Չեմ եկել մեկնաբանելու Հերմինե Նաղդալյանի հայտարարությունը: Մաստակ սարքել այս թեմայից, իրականում նշանակում է՝ չհասկանալ՝ ինչ է կատարվում գլոբալ առումով»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Իսկ այն հարցին՝ թե մինչ Սերժ Սարգսյանի՝ «Բլումբերգին» տված հարցազրույցը տեղյա՞կ էր, որ Հայաստանը կողմ է Կազանյան փաստաթղթին, Աշոտյանը պատասխանեց. «Bloomberg-ին տված նախագահի հարցազրույցը գալիս է ապացուցելու, որ մենք գործ ունենք ուժեղացած պետության ուժեղ ղեկավարի հետ: Գաղտնիք կարող էին լինել բանակցությունների դետալները, արտաքին քաղաքականության մեջ չեք գտնի ոչ մի դրվագ դրսևորում, երբ բանակցություններն օնլայն ռեժիմով ռեալիթի-շոուի են վերածվել»: