«Սիրիայում պետք է օր առաջ ցամաքային գործողություններ իրականացվեն». արաբագետ

Սիրիայում իրավիճակը մեղմելու համար միջազգային հանրության կողմից անհրաժեշտ են ցամաքային գործողություններ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Այս փուլում միջազգային հանրության կողմից կարևոր քայլերից կլինի Սիրիայում համակարգված ցամաքային գործողություններ իրականացնելն ընդդեմ ահաբեկչական խմբավորումների: Եվ դա պետք է արվի օր առաջ: Լավ կլինի, որ այդ գործողություններն սկսվեն Հալեպից, որը բաժանված է հատվածների, և որոնք տարբեր խմբավորումների հսկողության տակ են»,-ասաց Սարգիս Գրիգորյանը:

Հալեպը կարևոր քաղաք է նաև Հայաստանի ու հայ ժողովրդի համար, որովհետև այնտեղ ապրում են մեր հայրենակիցները: Ո՞րը պետք է լինի Հայաստանի Հանրապետության անելիքը: Հարցին ի պատասխան՝ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ միջազգային հարթակներում հայերի անվտանգության հարցը բարձրացնելուց բացի, անհրաժեշտ է խոսել նաև հենց Սիրիայում ցամաքային գործողություններ իրականացնելուց մասին:

«Հայաստանը կարող է բարձրաձայնել այդ մասին, իրավիճակը մեղմելու տարբերակ առաջարկել: Եվ ճիշտ կլինի, որ այդ ցամաքային գործողություններն իրականացվեն իշխանական ուժերի հետ համատեղ` ժամանակավորապես մի կողմ դնելով դրանց հեռացման հարցը»,-ասաց արաբագետը:

Սարգիս Գրիգորյանի դիտարկմամբ՝ փխրուն հրադադարի տապալման պատճառները մի քանիսն են.

«Ես դեռ նախկինում էի ասում, որ այստեղ հրադադար չկա: Իհարկե, եղան խմբավորումներ, որոնք հայտարարեցին, որ զենքերը վայր են դնում և միանում հրադադարին, սակայն, ըստ էության, այդ խմբավորումները երկում մեծ ազդեցություն չունեին: Իսկ ահա ազդեցիկ խմբավորումները շարունակում էին կռվել»:

Ինչ վերաբերում է Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացման նոր փուլին, ապա արաբագետը նշեց, որ պատճառներից մեկը Ժնևում անցկացվող չստացված բանակցություններն են, որոնցից դուրս եկան Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորվող ուժերը:

Տեսանյութեր

Լրահոս