Հայ դպրոցականները հավակնում են մասնակցել աշխարհում հեղինակավոր Intel ISEF մրցույթին
ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաքում մայիսի 9-12-ին տեղի կունենա «Ինտել» ընկերության հովանավորությամբ անցկացվող աշխարհում ամենահեղինակավոր դպրոցական մրցույթը, որի լավագույն մասնակիցներից 7-ը Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են։ Մրցույթին Հայաստանի մասնակցության գործընթացը նախաձեռնելու նպատակով «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի համահիմնադիր Հովհաննես Ղազարյանը մայիսի 2-ին կմեկնեն ԱՄՆ: Ինչպես տեղեկացնում է կրթական ծրագրի ղեկավարը, մրցույթին Հայաստանի ներգրավումը հնարավորություն կտա հայ աշակերտներին` STEM (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտներում իրենց նորարար նախագծերը ներկայացնելու աշխարհին։
Սա առաջին հերթին կնպաստի Հայաստանում STEM կրթության զարգացմանը՝ ժամանակակից աշ խարհի պահանջներին համահունչ։ «Dasaran»-ի թիմը նաև հրավեր է ստացել մասնակցելու մայիսի 5-8-ը Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում անցկացվելիք մրցույթին՝ նահանգային մակարդակով։ Մասնակցության նպատակն է տեղում հանգամանալից ծանոթանալ «Ինտել բնագիտական և ճարտարագիտական մրցույթի» անցկացման կանոններին և ընթացակարգերին։
Ինտել միջազգային մրցույթին մասնակցելու հնարավորություն ստանալու համար առաջին հերթին անհրաժեշտ է այն անցկացնել ազգային մակարդակով։ Դրա արդյունքների հիման վրա լավագույնները հնարավորություն կստանան մասնակցել միջազգային մակարդակով անցկացվող մրցույթին։
Դպրոցականների շրջանում ազգային մակարդակով «Ինտել բնագիտական և ճարտարագիտական մրցույթն» իրականացվում է տարեկան ավելի քան 75 երկրներում, որին մասնակցում են շուրջ 7 միլիոն աշակերտ: Եզրափակիչ փուլին, որը սովորաբար տեղի է ունենում ԱՄՆ-ում, մասնակցում են լավագույն նախագծեր ներկայացրած շուրջ 1700 դպրոցականներ: Մրցանակային ֆոնդը կազմում է 4 միլիոն ԱՄՆ դոլար, որի մեջ ներառված են մեկ կրթաթոշակ՝ 75 հազար ԱՄՆ դոլարի չափով և երկուսը՝ 50 հազար ԱՄՆ դոլարի։
Հայաստանը, որը երբեք ներկայացված չի եղել «Ինտել բնագիտական և ճարտարագիտական մրցույթին», «Dasaran»-ի նախաձեռնությամբ և ակտիվ միջնորդությամբ հնարավորություն կունենա համալրել մրցույթի մասնակից երկրների շարքը:
Այցի ընթացքում նախատեսվում է պայմանավորվածություն ձեռք բերել մրցույթի անցկացման գործում հմտացած ամերիկյան մասնագետների խմբին հրավիրելու Հայաստան՝ ուսուցիչների, հայաստանյան մրցույթի ժյուրիի անդամների համար թրեյնինգներ անցկացնելու, ինչպես նաև նախագծահեն կրթության առավելությունների վերաբերյալ իրենց փորձը ներկայացնելու նպատակով: