
Թրամփը մեղադրել է Չինաստանին ԱՄՆ տնտեսությունը «բռնաբարելու» մեջ

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը Ինդիանայում կայացած միտինգի ժամանակ քննադատել է Չինաստանի առևտրային քաղաքականությունը: Նրա խոսքով՝ Չինաստանն իրականացրել է «համաշխարհային պատմության մեջ ամենախոշոր գողությունը»:
«Մենք չենք կարող այլևս թույլատրել Չինաստանին բռնաբարել մեր երկիրը»,- հայտարարել է Թրամփը:
Թրամփն ավելի վաղ մեղադրել էր Չինաստանին, որ նա նվազեցնում է յուանի փոխարժեքը, որպեսզի իր ապրանքներն ավելի էժան դարձնի և գրավիչ՝ համաշխարհային շուկաներում: Նրա խոսքով՝ չինական իշխանությունների քաղաքականությունն ավերում է ամերիկյան բիզնեսն ու ոչնչացնում աշխատատեղերը:
Թրամփը խոստացել է ստիպել չինական իշխանություններին հրաժարվել այդ պրակտիկայից: Միլիարդատերն իր նախընտրական արշավի շրջանակում խոստանում է կնքել Չինաստանի հետ գործարքներ՝ ավելի շահավետ պայմաններով: Նա առաջին անգամ է օգտագործել «բռնաբարել»բառը Չինաստանի տնտեսական քաղաքականության նկատմամբ:
Թրամփի կտրուկ հայտարարությունները արդեն հանգեցրել են նրան, որ Կալիֆոռնիայում անցած շաբաթ անցկացվել են բողոքի ակցիաներ՝ ընդդեմ Թրամփի: Անցած ուրբաթ օրը Թրամփը իր դեմ կազմակերպված բողոքի ցույցերի պատճառով չի կարողացել մտնել այն շենք, որտեղ անցկացվում էր Հանրապետական կուսակցության ժողովը: