Ջոն Քերին և Էրդողանը Վաշինգտոնում փակ հանդիպում կունենան. ԱՄՆ պետդեպ
Ըստ RIA Novosti-ի՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չորեքշաբթի օրը Վաշինգտոնում փակ հանդիպում կունենան: Այդ մասին տեղեկացրել են ԱՄՆ պետդեպարտամենտում: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ մայրաքաղաք է ժամանել մարտի 31-ից ապրիլի 1-ը՝ մասնակցելու միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ պլանավորում է հանդիպել ամերիկացի գործընկեր Բարաք Օբամայի հետ, սակայն հետո Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի աշխատանքային գրաֆիկով նման հանդիպում նախատեսված չէ: Երեքշաբթի օրը, սակայն, հայտնի է դարձել, որ Թուրքիայի առաջնորդի հետ պաշտոնական հանդիպում պլանավորված է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ, որը տեղի կունենա հինգշաբթի օրը: Ըստ թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի՝ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում կազմակերպելուն ուղղված թուրք պաշտոնյաների ջանքերը որևէ արդյունք չեն տվել: Ավելին, անձնական ինքնաթիռով Վաշինգտոնում վայրէջք կատարած Էրդողանին դիմավորել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը։Եվ այն, որ նրան դիմավորողների թվում ոչ մի ամերիկացի պաշտոնյա չի եղել, Վաշինգտոնի կողմից Անկարային ուղղված «մեսիջ» է։
«Օբաման անգամ օգնականին չուղարկեց Էրդողանի մոտ»,-նշել է պարբերականը՝ նկատելով, որ Էրդողանի հետ հանդիպմանը ներկա է եղել Օբամայի նախկին օգնական, Սպիտակ տան՝ Միջազգային անվտանգության խորհրդի և Եվրոպայի հարցերով նախկին ղեկավար Քարեն Դոնֆրայդը։ Ըստ վերլուծաբանների՝ Էրդողանի հետ պաշտոնական հանդիպման Օբամայի մերժումը հանդիսանում է Թուրքիայից դժգոհության նշան` ինչպես Սիրիայի իրադրության շուրջ (սիրիական քրդերի գնդակոծումները), այնպես էլ երկրի ներսում (լրագրողների հետապնդումը):