
Քրդերը դժգոհ են առանց իրենց մասնակցության Սիրիայում նոր Սահմանադրության ստեղծմամբ

Մոսկվայում Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության ներկայացուցիչ Մբդ Սալամ Ալին հայտարարել է, որ կուսակցությունը դեռ հրավեր չի ստացել երկրի նոր Սահմանադրության տեքստի վրա աշխատելու համար, հայտնում է RIA Novosti-ն:
«Հիմա «Դեմոկրատական միություն» կուսակցությունը ոչ մի շփում չունի Ասադի կառավարության հետ: Ժնևի բանակցություններին, որտեղ նման շփումներ կարող էին հաստատվել, մեզ չեն հրավիրել»,- ասել է վերջինս:
Ընդ որում՝ նա ասել է, որ քրդական կուսակցությունը պատրաստ է մասնակցել նոր Սահմանադրությունը գրելու աշխատանքներին:
«Ասադը հայտարարել է նոր Սահմանադրության ստեղծման մասին, սակայն եթե դրա վրա քրդերը չաշխատեն, դա դժվար թե արտահայտի նրանց շահերը: Ասադը խոստանում է, որ Սահմանադրությունը լավն է լինելու, սակայն այն լավը կլինի միայն նրա համար»,- ասել է Սալամ Ալին:
Նա դժգոհ է նաև Սիրիայում նոր կառավարության ստեղծմամբ, որտեղ ընդգրկվելու են ընդդիմության ներկայացուցիչներ: