
2015 թվականին աշխարհում ռեկորդային թվով բնական կատակլիզմներ են տեղի ունեցել

2015 թվականին աշխարհում տեղի ունեցած աղետներն ու բնական կատակլիզմները 92 մլրդ դոլարի ընդհանուր տնտեսական վնաս են պատճառել, ընդ որում՝ բնական կատակլիզմների թիվը ռեկորդային է եղել: Այս տվյալները տեղ են գտել Swiss Re շվեյցարական ապահովագրական ընկերության հրապարակված հաշվետվության մեջ:
«Անցյալ տարի գրանցվել է 353 աղետ, որոնցից 198-ը բնական բնույթ են կրում: Ըստ վիճակագրության, սա ամենամեծ քանակությունն է մեկ տարվա ընթացքում: Բոլոր կատակլիզմներից, ինչպես բնական, այնպես էլ մարդածին, ընդհանուր տնտեսական վնասները 2015 թվականին կազմել են 92 մլրդ դոլար»,- նշվում է փաստաթղթում:
Swiss Re-ի տվյալներով՝ ամենաավերիչը դարձել է Նեպալում տեղի ունեցած երկրաշարժը: Դրանից վնասը կազմել է 6 մլրդ դոլար, իսկ զոհերի թիվը հասել է 9 հազարի:
«Նեպալի երկրաշարժը, որի Էպիկենտրոնը գտնվում էր Կատմանդու մայրաքաղաքի մերձակայքում, հանգեցրեց մեծ ավերածությունների ու վնասների, որոնց մեծ մասը ծածկվեց ապահովագրական վճարումների հաշվին: Ողբերգությունը տեղի ունեցավ մի տարածաշրջանում, որտեղ մարդիկ նվազագույն իսկ չափով պատրաստ չէին պաշտպանելու իրենց»,- նշել է ընկերության գլխավոր տնտեսագետ Կուրտ Կառլը:
Դրա հետ մեկտեղ ամենախոշոր աղետը, որից կորուստները (մոտավորապես 2,5-3,5 մլրդ դոլար) ծածկվել են ապահովագրական վճարումներով, դարձել է Չինաստանի Տյանցզին քաղաքի նավահանգստի պահեստում տեղի ունեցած պայթյունը, որի հետեւանքով զոհվեց 173 մարդ:
Ընկերությունը նշում է, որ անցյալ տարի մյուսներից ավելի շատ են տուժել Ասիայի երկրները. տարատեսակ կատակլիզմներից նրանց տնտեսական կորուստները կազմել են 38 մլրդ դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: