
Ասադը ՄԱԿ-ից օգնություն է խնդրել Պալմիրան վերականգնելու համար

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՄԱԿ-ին ու մյուս միջազգային կազմակերպություններին խնդրել է օգնել վերականգնել Պալմիրան, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ Ասադը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին շնորհակալական հաղորդագրություն է ուղարկել, ով ավելի վաղ ողջունել էր ահաբեկիչներից պատմական քաղաքի ազատագրումը:
Հիշեցնենք, որ Սիրիայի զորքերն ու աշխարհազորայիններն ամբողջությամբ ԴԱԻՇ-ից ազատագրել են Պալմիրան մարտի 27-ին:
Պալմիրան, որի հնագույն հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում են ներառված, ահաբեկիչները գրավել էին 2015թ. մայիսին:
Մինչ քաղաքը հանձնելը սիրիական բանակը տարհանել էր քաղաքի բնակիչների մեծ մասին ու Պալմիրայի թանգարանի պատմական ցուցանմուշները:
Քաղաքը նվաճելուց հետո ոչնչացման սպառնալիքի տակ էին հայտնվել հնագույն տաճարներն ու ավերակները:
Քաղաքի ազատագրումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է գնահատի վնասը, որը ջիհադիստները հասցրել են պատմական հուշարձաններին: