Եթե ամսական 500 000 մարդ նվիրաբերի 100 դրամ, կփրկվի քաղցկեղով հիվանդ երկու երեխայի կյանք. «Ֆոնդ 100» հիմնադրամ
Հայաստանում մեկնարկում են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար գումար հանգանակող «Ֆոնդ 100» բարեգործական հիմնադրամի աշխատանքները: «Ֆոնդ 100» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամները հայտնի ռադիոհաղորդավարներ Լուսինե Բադալյանը, Գոռ Գլումովը, Հակոբ Պաիկյանն ու Արամ Կարախանյանն են: Հիմնադրամի նախագահը Տիգրան Բալոյանն է: Spring group ընկերությունը տեղեկացնում է, որ «Ֆոնդ 100» նախագծի նպատակն է միավորել բարեսիրտ ու հոգատար մարդկանց՝ կոչ անելով չլինել անտարբեր և միասնականության շնորհիվ իրականացնել զգալի ու անհրաժեշտ փոփոխություններ քաղցկեղով տառապող երեխաների, ինչպես նաև նրանց ընտանիքների կյանքում: Ֆոնդի հիմնադիրները համոզված են, որ յուրաքանչյուր ամիս 500 հազար մարդու կողմից 100 դրամ փոխանցելու դեպքում, հնարավոր կլինի փրկել ամսական 2 երեխայի կյանք, երջանկացնել առնվազն երկու հայ ընտանիքի:
Հասարակության վստահությունը չխաթարելու, հեղինակությունն ու պատասխանատվությունը պահպանելու և ամրապնդելու նպատակով հիմնադրամը գործելու է բացարձակապես թափանցիկ՝ հիմնադրամի պաշտոնական կայքում (www.f100.am) հրապարակելով Հոգաբարձուների խորհրդի բոլոր որոշումները, բժիշկ խորհրդատուների եզրակացությունները, փոխանցված գումարի քանակը և բոլոր տեսակի ծախսերի հաշվետվություններն ու փաստաթղթերը: Բացի այդ իրականացվելու է նաև տարեկան միջազգային աուդիտ, որի եզրակացությունը կտեղադրվի կայքում տարեկան հաշվետվության հետ միասին:
«Ֆոնդ 100» հիմնադրամի նպատակն է ակտիվ աշխատանքի, հրապարակայնության, կազմակերպվածության և ազնիվ ու արդար գործելաոճի շնորհիվ նպաստել ամսական առնվազն հինգ երեխայի առողջության վերականգնմանը:
Հիշեցնենք, որ «Ֆոնդ 100» հիմնադրամը ստեղծվել է 2015 թվականին` իր շուրջ միավորելով հայ հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող մարդկանց, որոնք իրենց գործունեության ընթացքում բազմաթիվ բարեգործական ծրագրերի հեղինակ ու մասնակից են հանդիսացել: