Շվեյցարացիները ևս աջակցում են Գյումրու անօթևան ընտանիքներին
Շվեյցարիայի գեղատեսիլ Լուգանո քաղաքում, շվեյցարաբնակ Թերեզա Մխիթարյանի նախաձեռնությամբ օրերս կայացավ բարեգործական մի շատ կարևոր միջոցառում` նվիրված Գյումրու անօթևան ընտանիքներին բնակարան նվիրաբերելու գործին: Միջոցառումը խորհրդանշական էր ոչ միայն Գյումրու, այլև ամբողջ Հայաստանի համար, քանի որ միջոցառման մասնակիցները հիմնականում շվեյցարացիներ էին:
Միջոցառմանը ներկա էր նաև Լուգանոյի քաղաքապետը, ով իր երախտագիտությունը հայտնեց Թերեզա Մխիթարյանին` ի նպաստ Գյումրի քաղաքի վերածննդի շվեյցարացիներին համախմբելու համար: Եվրոպայում ճանաչված շվեյցարացի ճարտարապետ, պրոֆեսոր Զնոտզին նաև խոստացավ աջակցել Գյումրու պատմամշակութային հուշարձաններով հարուստ կենտրոնի վերականգնման և ճարտարապետական ձևավորման աշխատանքներին: Իսկ շվեյցարացի մի խումբ բժիշկներ էլ իրենց ծառայությունն առաջարկեցին տնակներում ապրող երեխաների առողջական խնդիրների լուծմանը:
Միջոցառմանը ներկա էր Հայաստանում բնակություն հաստատած, իտալացի բարերար, «Հոգ ընտանիքին» հիմնադրամի նախագահ Անտոնիո Մոնտալտոն, ով իր հետ բերել էր գյումրեցի կանանց ձեռքի աշխատանքները: Ներկայացրած աշխատանքները ուղղակի հիացրեցին շվեյցարացիներին: Հայաստանից ժամանած «Դոլմամա» ռեստորանային համալիրի տնօրեն Ժիրայր Ավանյանը, իր խոհարարական հմտություններով և հայկական ճաշատեսակների համ ու հոտով զարմացրեց օտարերկրացիներին: Բարեգործական ճաշկերույթի ընթացքում հանգանակված գումարը կբավարարի մեկ բնակարանի ձեռք բերման համար:
Միջոցառման ավարտին Թերեզա Մխիթարյանը հատուկ շնորհակալական խոսք հղեց շվեյցարացի բարեկամներին, համայնքային ներկայացուցիչներին և հատկապես Լուգանոյի քաղաքապետին` մարդասիրական վերաբերմունք ցուցաբերելու համար: