EgyptAir-ի ինքնաթիռի առևանգիչը պատմել է, թե ինչու է դիմել այդ քայլին
Եգիպտացի Սեյֆ ադ-Դին Մուստաֆան, որը երեքշաբթի առևանգել էր եգիպտական EgyptAir ավիաընկերության А320 ինքնաթիռը, որն ուղևորվում էր Ալեքսանդրիայից Կահիրե, դեմ չէ, որ իրեն 8 օրով կալանավորել են, հայտնում է Cyprus Mail թերթը:
Թերթի տեղեկություններով՝ եգիպտացին դատարանում իրեն մենակ է ներկայացրել, առանց փաստաբանի օգնության: Դատական հետաքննության ընթացքում նա հնչեցրել է հանցագործության հիմնական մոտիվները:
«Եթե ինչ-որ մեկը չի տեսել իր ընտանիքին 24 տարի, ցանկանում է տեսնել կնոջն ու երեխաներին, իսկ Եգիպտոսի կառավարությունը թույլ չի տալիս դա նրան անել, ապա ինչ պետք է անի այդ իրավիճակում»,- հայտարարել է Մուստաֆան:
Համաձայն պարբերականի տեղեկությունների՝ Կիպրոսում ապրում են տղամարդու նախկին կինն ու երեք երեխաները: Երեխաներից մեկը 10 տարի առաջ մահացել է:
Տեղեկությունների համաձայն՝ տղամարդը 8 օր անցկացնելու է Նիկոսիայի բանտում:
Նրան դեռ պաշտոնական մեղադրանք չի ներկայացվել, դա տեղի կունենա այն բանից հետո, երբ նա պաշտոնապես կանգնի դատարանի առաջ:
Տղամարդուն մեղադրում են օդանավի առևանգման, անօրինական կերպով պայթուցիկ պահելու, մարդկանց առևանգելու ու բռնության սպառնալիքների մեջ:
ԶԼՄ-ները հայտնում էին, որ առևանգիչը սպառնացել է ինքնաթիռի անձնակազմին, որ կպայթեցնի մահապարտի գոտին ու հրամայել էր դեպի հյուսիս թռչել: Իրականում պարզվել էր, որ գոտին կեղծ է եղել:
Տղամարդում կարողացել էին վնասազերծել Կահիրեի հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները: