Ժնևում վերջին միջսիրիական հանդիպումները լավ մեկնարկ են հաջող բանակցությունների համար. Բաշար Ասադը ծավալուն հարցազրույց է տվել RIA Novosti-ին
Ժնևում վերջին միջսիրիական հանդիպումները լավ մեկնարկ են հաջող բանակցությունների համար և եթե դրանք շարունակվեն, հաջորդ ռաունդները կլինեն արդյունավետ: Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Իհարկե, դեռ մենք չենք կարող ասել, որ ժնևյան բանակցություններում ինչ-որ ձեռքբերումներ կան, սակայն մենք սկսել ենք հիմնական բաներից, այն է՝ հիմնական սկզբունքների մշակումից, որի հիման վրա կկառուցվեն բանակցությունները, քանի որ ցանկացած բանակցություն, առանց որոշակի սկզբունքների, որոնց վրա կհենվեին, դառնում են քաոսային ու չեն կարող ինչ-որ բանի հանգեցնել»,-ասել է Սիրիայի նախագահը:
Ասադը նշել է, որ «հիմա մենք սկսել ենք սկզբունքների մասին փաստաթղթից»:
Նրա խոսքով՝ պաշտոնական Դամասկոսի պատվիրակությունը հիմնականում աշխատել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հետ, «այլ ոչ թե հակառակ կողմի, որի հետ բանակցություններ ենք վարելու»:
«Մենք կշարունակենք քննարկումներն ու երկխոսությունը այդ փաստաթղթի վերաբերյալ հաջորդ ռաունդի ժամանակ: Հիմա ես կարող եմ ասել, որ այն, ինչ ձեռք է բերվել նախորդ ռաունդի ընթացքում՝ հաջող բանակցությունների կուրսի մշակումը, ու եթե մենք շարունակենք այդ կուրսը, ապա մյուս ռաունդներն էլ կլինեն արդյունավետ»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ 2011 թվականից Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի վնասը արդեն գերազանցել է 200 միլիարդ դոլարը: «Տնտեսական վնասն ու ենթակառուցվածքներին հասցված վնասը գերազանցում է 200 միլիարդ դոլարը:
Տնտեսական հարցերը հնարավոր է կարգավորել անմիջապես, հենց Սիրիայում իրավիճակը կայունանա, սակայն ենթակառուցվածքների վերականգնման համար երկար ժամանակ է հարկավոր»,-ասել է Ասադը:
Նրա խոսքով՝ Սիրիայից միգրացիայի պատճառները ոչ միայն կապված են անվտանգության հետ, այլև արևմտյան պատժամիջոցների, ինչի հետևանքով երկրում կենսամակարդակը ցածր է: Ասադը նշել է, որ ներկայում երկրի իշխանությունները քայլեր են ձեռնարկում լավացնելու երկրի տնտեսական վիճակը, անում են հնարավորը, որ քաղաքացիները երկրից հեռանալու քիչ պատճառներ ունենան:
«Միգրացիայի պատճառը ոչ այնքան ահաբեկչությունն է ու անվտանգության ոլորտում իրավիճակը: Այն թաքնված է բլոկադայի մեջ, որը սահմանվել է Սիրիայի դեմ արևմտյան պատժամիջոցներով: Բազմաթիվ մարդիկ լքել են անվտանգ շրջանները, որտեղ չկա ահաբեկչություն, կենսամակարդակի պատճառով:
Քաղաքացիներն այլևս չեն կարողանում իրենց ապահովել անհրաժեշտ ամեն ինչով: Այնպես որ, մենք՝ որպես պետություն, պետք է քայլեր ձեռնարկենք, թեկուզ ամենատարրական բաները՝ լավացնելու տնտեսական իրավիճակն ու ծառայությունների ոլորտում իրավիճակը: Դա այն է, ինչով մենք հիմա զբաղվում ենք վերականգնման պլանում»,- ասել է Ասադը:
Ասադը հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի լավացումը թույլ կտա հուսալ, որ փախստականները հետ կվերադառնան Սիրիա:
«Մենք ձեռնամուխ ենք եղել երկրի ենթակառուցվածքների վերականգնմանը դեռևս այն բանից առաջ, երբ կվերջանա ճգնաժամը, որպեսզի հնարավորինս մեղմացնենք սիրիացիների տնտեսական վնասի հետևանքները, որը հասցվել է երկրի ենթակառուցվածքներին ու նվազեցնենք միգրացիայի հոսքը երկրի սահմաններից դուրս»,- ասել է Սիրիայի նախագահը:
«Հնարավոր է, որ ոմանք ցանկանան վերադառնալ, երբ կտեսնեն, որ իրավիճակի լավացման հույս կա»,- ընդգծել է նա: