«Մելիք-Ադամյան 2-ը շարունակելու է մնալ Հայաստանի քաղաքական կյանքին ռիթմ տվող կարևոր կենտրոններից մեկը». Արմեն Աշոտյան

«ՀՀԿ-ն իր վրա է ստանձնել քաղաքական ավանգարդի դերակատարումը և մի քանի որոշումներով է հանդես եկել, որոնցից մեկն Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ Մելիք-Ադամյան 2-ը շարունակելու է մնալ Հայաստանի քաղաքական կյանքին ռիթմ տվող կարևոր կենտրոններից մեկը: Նա նշեց, որ ինքը հաճույքով հետևում է բուռն քննարկումներին, որոնք տեղի ունեցան հատկապես համացանցում՝ այս որոշման հետ կապված: «Ոմանք ցուցաբերեցին հումորի բարձր աստիճան, ոմանք՝ պարզապես քաղաքական մաղձի շատ բարձր աստիճան: Բոլոր դեպքերում, ուզում եմ ցիտել Ստեփան Սաֆարյանին, որն ամենամոտն էր իրականությանը, զարմանալի չէ, ինտելեկտուալ և եվրոպական քաղաքական փորձին ծանոթ մարդիկ շատ ադեկվատ են ընդունում այն, ինչ մենք ցանկանում ենք իրականացնել Հայաստանում: Չեմ զարմանում այդ արձագանքների վրա, որովհետև փաստացի ՀՀԿ-ն առաջին հայկական ուժն է, որը հանդես է գալիս նման նախաձեռնությամբ, և մենք հիմնում ենք մեր սեփական քաղաքական դպրոցը»:

Ա. Աշոտյանի գնահատմամբ՝ զուգահեռները տարբեր երկրների, հատկապես՝ կարոտախտով ապրող մարդկանց մոտ Խորհրդային Միության հետ, այս պարագայում, տեղին չեն, որովհետև նրա խոսքով՝ իրեն հարգող ցանկացած երկարաժամկետ գործունեության միտված քաղաքական ուժ եվրոպական քաղաքական դաշտում ունի իր ակադեմիան կամ քաղաքական դպրոցը:

«Նման կենտրոնները նպատակ ունեն շարունակական և լրացուցիչ կրթական ծրագրերի միջոցով բարելավել կուսակցության անդամների և համակիրների կազմակերպչական, քաղաքական և ինտելեկտուալ կարողությունները: Հատուկ եմ շեշտում՝ համակիրների, որովհետև կուսակցական դպրոցի դռները բաց են լինելու նաև անկուսակցական մարդկանց համար: Երկրորդ կարևոր նպատակն է՝ նպաստել քաղաքական և քաղաքագիտական մտքի զարգացմանը Հայաստանում, այն, ինչի անհրաժեշտությունն այնուհանդերձ զգացվում է»,- նշեց Ա. Աշոտյանը:

Նա կարծում է՝ ինչպես եվրոպական շատ երկրներում, այնպես էլ՝ Հայաստանում, քաղաքական դպրոցը կայանալով՝ մի օր կդառնա առանձին գործող կառույց. «Այսօրվա մեր որոշումն ընդամենը մեծ ճանապարհի սկիզբն է, և քաղաքական դպրոցն այս կարգավիճակում, այս ժամանակահատվածում զարկ է տալու քաղաքական և քաղաքագիտական մտքի վերլուծական զարգացմանը Հանրապետական կուսակցության շրջանակներում, դա նշանակում է՝ նաև Հայաստանում»:

Ա. Աշոտյանը հրապարակայնորեն առաջարկեց Ս. Սաֆարյանին՝ դասավանդել իրենց դպրոցում: 168.am-ի հարցին, թե նրանից բացի, էլ ի՞նչ ընդդիմադիր գործիչների եք հավանական համարում, որ կարող են դասավանդել ձեր դպրոցում, նա պատասխանեց, որ շատ ընդդիմադիրների է համարում ինտելեկտուալ և բանիմաց մարդ, բայց կոնկրետ անուններ չնշեց:

Տեսանյութեր

Լրահոս