
Մեծ Բրիտանիայում կտրուկ կրճատվել է ԵՄ-ին անդամակցության կողմնակիցների թիվը

Բրիտանացիների թիվը, ովքեր հանդես են գալիս Եվրամիությանը Միացյալ Թագավորության հետագա անդամակցության օգտին, վերջին շաբաթների ընթացքում 54 տոկոսից կրճատվել է՝ հասնելով 49 տոկոս: Այդ մասին վկայում են Ipsos Mori ծառայության հարցման հրապարակված արդյունքները:
Նախորդ համանման հետազոտությունը Մեծ Բրիտանիայում անցկացվել է փետրվարին: Այն ժամանակ ԵՄ-ից դուրս գալու օգտին հանդես էր գալիս Թագավորության բնակիչների միայն 36 տոկոսը այն դեպքում, երբ այժմ այդ տեսակետին համաձայն է հարցվածների արդեն 41 տոկոսը:
Ինչպես նշում են տեղի մեկնաբանները, այսքան կարճ ժամանակահատվածում հասարակական կարծիքի կտրուկ փոփոխությունը, ամենայն հավանականությամբ, կապված է Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի նոր ալիքի հետ: Ընդսմին Ipsos Mori-ում հատկապես նշում են, որ հարցմանը, որին մասնակցել են հազարից ավելի քաղաքացիներ, անցկացվել է մարտի 19-ից 22-ը, ինչը բացառում է Բրյուսելի ահաբեկչության ազդեցությունը միավորված Եվրոպայի նկատմամբ Միացյալ Թագավորության բնակիչների կարծիքի վրա:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության շուրջ հանրաքվեն, որի անցկացումը կառավարության ղեկավար Դեւիդ Քեմերոնի նախընտրական խոստումն էր, նշանակված է հունիսի 23-ին: Պահպանողական վարչապետն ինքը հանդես է գալիս հօգուտ այն բանի, որ երկիրը մնա «բարենորոգված ԵՄ-ի կազմում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: