«Լուսավոր Հայաստանն» անիմաստ է համարում դիտորդի կարգավիճակով մասնակցել 4+4+4 ֆորմատով բանակցություններին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն անիմաստ է համարում դիտորդի կարգավիճակով մասնակցել 4+4+4 ֆորմատով բանակցություններին՝ հետևյալ պատճառաբանությամբ.

1. Հայ Ազգային Կոնգրես կուսակցության կողմից առաջարկված բանակցային ֆորմատը չի ենթադրում ներառական հնարավորություն, քանի որ ձևավորվում է միայն ԱԺ խմբակցություններից՝ հաշվի չառնելով արտախորհրդարանական քաղաքական ուժերին։

2. ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի անակնկալ առաջարկը հարց է առաջացնում՝ արդյոք նա այդ առաջարկը քննարկե՞լ է ընդդիմադիր ուժերի, իշխանությունների և հասարակական կազմակերպությունների հետ և ստացել է նաև՝ 4+4+4 ձևաչափի վերաբերյալ բոլոր կողմերի համաձայնությունը։

3. Լուսավոր Հայաստան Կուսակցությունն արդեն իսկ միացել է 5 կետերին, որոնք ներկայացվել են հասարակական կազմակերպությունների և կուսակցությունների կողմից, և այդ կետերից զատ՝ մի շարք այլ առաջարկներ նույնպես, կներկայացնի Ազգային Ժողովում նախագծի քննարկումների ժամանակ։

4. Լուսավոր Հայաստան Կուսակցությունն իր հիմնադրման օրվանից հայտարարել է, որ մասնակցային քաղաքական ուժ է, հետևաբար, որևէ ձևաչափի բանակցություններին կարող է մասնակցել միայն այն դեպքերում, երբ կայացվող որոշումների վրա կունենա իր մասնակցությամբ ազդելու իրական հնարավորություն, որը չի ընձեռում դիտորդի կարգավիճակը։

Լուսավոր Հայաստան կուսակցություն

Տեսանյութեր

Լրահոս