Փոփոխվող տեսակետներ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Մոտ 10 տարի առաջ՝ 2006 թվականի ապրիլի 19-ին, գերմանական Frankfurter Allgemaine Zeitung պարբերականում հրապարակվել էր այն ժամանակվա Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հարցազրույցը, որում վերջինս նշել էր, որ «Հայաստանի ապագան ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն է», և «Ռուսաստանը չպետք է կանգնի դեպի Եվրոպա ճանապարհին»: Այդ հայտարարությունը խիստ քննադատության էր արժանացել ՀՀ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, որը հեռուստատեսությամբ ասել էր, թե Բաղդասարյանի այդ հայտարարությունը չի արտացոլում Հայաստանի պաշտոնական տեսակետը ու թերեւս արտահայտում է ԱԺ նախագայի փոփոխված կարծիքը: Երկու պաշտոնյաների մեջ առկա էր ակնառու հակասություն Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցում, եւ դա շատ արագ պետք է բերեր Ազգային ժողովի նախագահի հրաժարականի, որը եւ տեղի ունեցավ նույն թվականի մայիսի 29-ին: Այսօր Արթուր Բաղդասարյանը դժվար թե կարծիք հայտնի, որ Հայաստանի ապագան տեսնում է ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի կազմում:

Ազգային անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնում աշխատելը, շփումները Բորդյուժայի եւ Պատրուշեևի հետ, հավանաբար, համոզեցին ՕԵԿ նախագահին, որ Հայաստանի գործառույթը Ռուսաստանի ֆորպոստ լինելն է:

Նախկին ՕԵԿ, ներկայումս «Հայկական վերածնունդը» հասարակական մասնաճյուղ է բացում Մոսկվայում, Կոբզոնն այն ողջունում է, ՕԵԿ-ականները քննադատում են ներկայիս իշխանություններին բավականաչափ ռուսամետ չլինելու համար: ՕԵԿ առաջնորդը ծավալուն հարցազրույցներ է տալիս ոչ թե Frankfurter Allgemaine Zeitung-ին, այլ ռուսաստանյան պաշտոնական լրատվամիջոցների: Չի բացառվում, որ այստեղ իր դերն է խաղում ռուսահայ գործարար Արա Աբրահամյանի հետ շփումը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս