ՀԱԿ-ը համագործակցության ձեռք է մեկնել Արա Աբրահամյանին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրես կուսակցությունը, ըստ որոշ տեղեկությունների, բանակցություններ է սկսել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ քաղաքական համագործակցության հնարավորության, ձեւի եւ բովանդակության շուրջ: Խոսքը 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համատեքստում հնարավոր համագործակցության մասին է: Արա Աբրահամյանը մի քանի ամիս առաջ հրապարակային հետաքրքրություն էր ցուցաբերել ՀՀ-ում քաղաքական գործընթացների նկատմամբ եւ կուսակցություն ստեղծելու ու այդ կուսակցությամբ հայաստանյան սպասվող ընտրություններին մասնակցելու ցանկություն էր հայտնել: Հետագայում մամուլը գրեց, որ նա ինչ-ինչ պատճառներով հրաժարվել է այդ մտքից:
Ըստ մեր աղբյուրների, ՀԱԿ-ը համագործակցության ձեռք է մեկնել Աբրահամյանին՝ առաջարկելով գտնել տարբերակ, փոխադարձ հետաքրքրությունները բավարարելով՝ միասնաբար մասնակցելու Հայաստանում սպասվող քաղաքական իրադարձություններին: ՀԱԿ-ի եւ ռուսաստանաբնակ մեծահարուստ գործարարի միջեւ կոնտակտային անձը, մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն է, որը խնամիական հարաբերություններ ունի Աբրահամյանի հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: