Բաժիններ՝

Հոգեական խիստ հուզմունքի վիճակում դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է կնոջ հետ սեռական կապի մեջ գտնվող մտերիմ ընկերոջը. գործը դատարանում է

Դատարան է ուղարկվել խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կնոջ և մտերիմ ընկերոջ հակաբարոյական գործողությունների հետևանքով առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով առաջացած կումուլյատիվ աֆեկտի` հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, դանակով բազմաթիվ հարվածներ հասցնելով՝ սպանել է ընկերոջը:

Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալը կնոջ կողմից, իր մտերիմ ընկերոջ հետ իրեն դավաճանելու վերաբերյալ կասկածներ ունենալով` ուսումնասիրել է կնոջ բջջային հեռախոսը և պարզել է, որ վերջինս սեռական կապի մեջ է գտնվում նրա հետ: Այդ մասին խոսել է նաև կնոջ հետ, որի ընթացքում վերջինս խոստովանել է սեռական կապի մասին: Ըստ մեղադրանքի՝ գարեջրատանը հանդիպել է ընկերոջը, ով եղել է իր սիրուհու հետ, անմիջապես դուրս է եկել գարեջրատանից և նստել նրա դիմաց գտնվող զրուցարանում, ապա քիչ անց ընկերն ընկերուհու հետ դուրս են եկել և նստելով նրա ավտոմեքենան` հեռացել են:

Կրկին հիշելով կնոջ դավաճանության մասին և պատկերացնելով, որ այդ աղջկա փոխարեն իր մտերիմ ընկերը սիրահետում է իր կնոջը, խանդի հողի վրա ցանկացել է պատժել ընկերոջը: Մեկնել է տուն, ավտոմեքենան կայանել ավտոտնակում և ոտքով շարժվել ընկերոջ գտնվելու վայր, նկատել է կայանած ավտոմեքենան, իսկ ընկերն ու իր ընկերուհին գտնվել են ավտոմեքենայի սրահում: Ըստ մեղադրանքի՝ երբ ամբաստանյալի ընկերն իջել է մեքենայից, ամբաստանյալը, հայտնվելով իր կնոջ և մտերիմ ընկերոջ հակաբարոյական գործողությունների հետևանքով առաջացած կումուլյատիվ աֆեկտի` հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, իր մոտ մշտապես պահվող ծալովի դանակով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել ընկերոջ մարմնի տարբեր հատվածներին և հեռացել դեպքի վայրից: Ստացած մարմնական վնասվածքներից ընկերը հիվանդանոցում մահացել է:

Նրան մեղադրանք է առաջադրվել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանության հոդվածով, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս