Արտեմ Ասատրյանը չի բացառում երիտասարդ ընտանիքներին առանց կանխավճարի բնակարան ձեռք բերելու հնարավորություն տալու տարբերակը
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չի բացառում, որ առաջիկայում երիտասարդ ընտանիքները հնարավորություն կունենան առանց կանխավճարի հիփոթեքով բնակարան ձեռք բերել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արտեմ Ասատրյանը խորհուրդ տվեց «Ժողովրդագրության իրավիճակի բարելավման 2016-2018թթ ազգային ծրագիրը» դիտարկել ամբողջության մեջ և չվերցնել ո ւ քննարկել ծրագրի ընդամենը մեկ դրույթ: «Ես կարծում եմ, որ ընդհանրապես պետք չէ որևէ մեկ դրույթ վերցնել և քննարկման առարկա դարձնել: Եթե դուք ուշադիր նայել «Ժողովրդագրության զարգացման ազգային ծրագրի ծրագիրը», կոնկրետ դրա մեջ ներառված բնակարանային ապահովության ծրագիրը, ունի 5 ենթաբաղադրիչներ և այդ ծրագրի հիմքում դված բոլոր այդ ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքները, որով առաջարկվել են 5 ենթաբաղադրիչներ: Դրանք տարբեր շահառուների, տարբեր կատեգորիաների անձանց են վերաբերում»,- նշեց Ասատրյանը:
Դիտարկմանը, թե հասարակության մեծ մասին անհանգստացնում է կանխավճարի հարցը, Արտեմ Ասատրյանն ասաց. «Դուք խոսում եք ընդամենը մեկ էլեմենտի մասին: Մենք խոսում ենք սոցիալական բնակարանային ծրագրի մասին: Սոցիալական բնակարանային ապահովման ծրագիրն ունի իր կառուցակարգերը: Եվ այս դեպքում պետության դերն է էական դառնում: Այսինքն, պետությունն է ապահովում ձեր նշած այդ կանխավճարի խնդիրը: Այս դեպքում մենք գործ ունենք մի ծրագրի հետ, երբ պետությունը, ձևավորելով սոցիալական բնակարանային ֆոնդ, դրա իրավունքը փոխանցում է քաղաքացիներին, շահառուներին համապատասխան վճարումներ անելու համար, որը կարող է էապես տարբերվել այլ կառուցակարգերից, վճարման այլ մեխանիզմներից»:
Արտեմ Ասատրյանը համաձայն է, որ Հայաստանում կան շահառուներ, անձինք, ում համար խնդրահարույց է ցանկացած վճարում: «Այս դեպքում, բնականաբար, մենք նաև առաջարկում ենք դրա լուծման հետ կապված մեխանիզմներ: Ես նաև կարծում եմ, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում, երբ մենք կունենանք լրամշակված նախագիծը, որը կներկայացնենք կառավարությանը, այդ ժամանակ բոլոր բաղադրիչների մասին կխոսենք»,- հավելեց նախարարը:
Հարցին՝ չի՞ բացառում, որ «Ժողովրդագրության իրավիճակի բարելավման 2016-2018թթ ազգային ծրագրի» շրջանակներում շահառտուները հնարավորություն կստանան բնակարան ձեռք բերել առանց կանխավճարի, նախարարը պատասխանեց. «Մենք որևէ բաղադրիչ չենք բացառում: Այն ամենը, ինչ կա նախագծի նախնական տարբերակում, մենք չենք բացառում»:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը բացառել է առանց կանխավճարի բնակարան տրամադրելու տարբերակը՝ նախարարը հստակեցրեց, որ խոսքը տարբեր ծրագրերի մասին է: «Ես կցանկանայի, որպեսզի մենք հստակեցնենք, թե ինչ հարց ենք քննարկում: Խոսքը գնում է «Ժողովրդագրության իրավիճակի բարելավման» 2016-2018թթ ազգային ծրագրի նախագծի մասին: Ընդհանրապես պետք չէ որևէ հակադրություն գտնել կառավարության կողմից իրականացվող և իրականացվելիք ծրագրերի միջև: Մենք մի դեպքում գործ ունենք գործող ծրագրի հե տ, որը 2010թ.-ից գործում է: Մյուս կողմից մենք խոսում ենք «Ժողովրդագրության իրավիճակի բարելավման ազգային ռազմավարության ծրագրի նախագծի մասին, որը քննարկվում է սահմանված ընթացակարգով: Մենք վերջին լսումներից հետո Ազգային ժողովի հանձնաժողովների կողմից արդեն ստացել ենք որոշակի առաջարկներ: Դրանք ներկայումս քննարկոջմների փուլում են գտնվում և առաջիկայում նաև դրա հիման վրա առաջարկված նախագիծը ներկայացվելու է կառավարությանը»,- եզրափակեց Արտեմ Ասատրյանը: