ԵՏՄ-ում դեռ կամք չկա միասնական արժույթի ներդրման համար. ԵՏՄ նախարար
Հայաստանը գերազանց է աշխատում ԵՏՄ-ում: Նման գնահատական այսօր լրագրողների հետ զրույցում տվեց 2003-2010 թթ. Բելոռուսի վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական կոմպլեքսի նախարար Սերգեյ Սիդորսկին:
«Դուք ուզում եք ավելի՞ լավ, ես էլ կցանկանայի»,- հավելեց նա:
168.am-ի հարցին, թե ի՞նչ փուլում է միասնական արժույթի ներդրման հարցը, Ս.Սիդորսկին պատասխանեց, որ դա դեռ չի քննարկվում: Թե ինչո՞ւ չի քննարկվում, Ս.Սիդորսկին հայտարարեց՝ «Որովհետև դուք պատրաստ չեք»: Փորձեցինք ճշտել՝ արդյոք խնդիրը միայն Հայաստանո՞ւմ է, Ս.Սիդորսկին կատակեց՝ «Ես հիմա Հայաստանում եմ գտնվում»:
«Առայժմ միության անդամները պատրաստ չեն քննարկել այս հարցը միությունում: Կան տարբեր մոտեցումներ»,- հավելեց նա:
Մեր հիշեցմանը, որ մոտ 1 տարի առաջ ՌԴ նախագահ Պուտինը հանձնարարել էր ուսումնասիրել միասնական արժույթի ներդրման հարցը, ԵՏՄ նախարարը հայտարարեց, որ ուսումնասիրելն ու որոշում կայացնելը տարբեր բաներ են. «Մենք ուսումնասիրում ենք, բայց որոշում ընդունել դեռ պատրաստ չենք: Միությունում կամք չկա, որ մենք որոշենք այդ հարցը հենց հիմա: Մենք յուրաքանչյուր երկրի հետ բանակցում ենք, փնտրում փոխզիջում, որ բոլորին ձեռնտու լինի, բայց օրակարգում միասնական արժույթի հարց դեռ չկա»: