Բաժիններ՝

«ԵՏՄ-ում միասնական արժույթի հարցը չի քննարկվում». ՀՀ փոխվարչապետ

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը եղել է դրական, իսկ եթե չանդամակցեինք, արդյունքը կլիներ շատ ավելի վատ: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նա նշեց, որ Ռուսաստանի տնտեսության բացասական ազդեցությունը զգում են նաև ԵՏՄ անդամ չհանդիսացող հարևան մյուս երկրները: Ըստ փոխվարչապետի՝ Համաշխարհային բանկի «Doing bussines» զեկույցում Հայաստանի առաջընթացն ապահովվել է նաև այն պատճառով, որ ԵՏՄ անդամակցության արդյունքում գործարարների համար բավականին հեշտացել է բիզնես գործարարությունը: Վ.Գաբրիելյանի խոսքով, ՀՀ-ից արտահանումը թեև նվազել է, բայց ավելի բազմազանեցման կոնտեքստում եղել են դրական զարգացումներ, քան համանման երկրների զարգացումը, կարգավորվել է աշխատուժի ներհոսք-արտահոսքը, որը թույլ է տվել մեղմել սոցիալական վիճակը:

Փոխվարչապետը նշեց, որ ԵՏՄ-ում ընդհանուր բանկային կարգավորիչների մասին քննարկում չկա, կա քաղաքականությունների կոորդինացման մասին քննարկում. «ՀՀ-ն ԵՏՄ գործընկերների հետ քննարկումներ է իրականացում և մենք գնում ենք առավել ինտեգրման ճանապարհով»:

168.am-ի հարցին, թե ի՞նչ իրավիճակ է միասնական արժույթի ներդրման հետ կապված, Վ.Գաբրիելյանը պատասխանեց, որ այդ հարցը չի քննարկվում: Մեր դիտարկմանը, որ ՀՀ վարչապետն առաջարկել էր ապրանքների դիմաց վճարել ներքին արժույթով, և բավականին ժամանակ է անցել, բայց պատասխան չկա, Վ.Գաբրիելյանը պատասխանեց.

«ՀՀ վարչապետը հարց էր բարձրացրել, որ ռազմավարական ապրանքները վաճառվեն ներքին արժույթներով, մանավորապես՝ ռուբլիով: Դրա շուրջ քննարկումները շարունակվում են: Նմանատիպ շարժ Եվրոպական միությունում եղել է տասնամյակների ընթացքում, այնպես որ այս տրամաբանության ներքո կես տարին այնքան էլ երկար ժամանակահատված չէ»:

Ի պատասխան հարցին, թե ԵՏՄ-Իրան ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցն ի՞նչ փուլում է, Վ.Գաբրիելյանը տեղեկացրեց, որ Հայաստանը նախաձեռնել է ԵՏՄ և Իրանի միջև ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու գործընթացը, ձևավորվել է աշխատանքային խումբ, մշակում են հարցերը. «Բարդ պրոցես է»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս