Բրյուսելում հարյուրավոր արաբներ SMS-եր են ստացել՝ «արեւմտականների դեմ պայքարելու» հորդորով
Բրյուսելի Մոլենբեկի կոմունայում բնակվող հարյուրավոր երիտասարդ արաբներ SMS-հաղորդագրություններ են ստացել՝ «արեւմտականների դեմ պայքարելու» կոչով: Այս մասին տեղեկացնում է EUobserver տեղական էլեկտրոնային պորտալը:
«Հարյուրավոր երիտասարդ տղամարդիկ Մոլենբեկից՝ Բրյուսելի այն շրջանից, որտեղ բնակվում են առավելապես արաբներ, հանգստյան օրերին SMS-հաղորդագրություններ են ստացել, որոնք նրանց հորդորում են «պայքարել արեւմտականների դեմ»: Պորտալը նշում է, որ հաղորդագրությունները եկել են «անհայտ կանխավճարված հեռախոսահամարից»:
Մոլենբեկը համարվում է Բրյուսելի ամենախնդրահարույց կոմունան, որի շատ բնակիչներ Մարոկոյից սերածներ են: Դրա հետ են կապված շատ ահաբեկիչների անուններ, մասնավորապես, այնտեղ են ապրել նաեւ այն յոթ ահաբեկիչներից երեքը, որոնք 2015 թվականի նոյեմբերի 13-ին ահաբեկչական գործողություններ էին կազմակերպել Փարիզում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: