Եվրանեսթ ԽՎ-ում գիտակցում են, որ վեհաժողովը ԼՂ հակամարտության կարգավորման քննարկման հարթակ չէ

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամները գիտակցում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և վեհաժողովը հակամարտության կարգավորման քննարկման հարթակ չէ: Այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Եվրանեսթ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը:

«Մենք այնտեղ կարողացել ենք տեղ հասցնել այն գաղափարը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրները Եվրանեսթում չեն քննարկվում, դրա համար կա առանձին ձևաչափ, որը մենք ընդունում ենք: Մենք պայմանավորվել ենք, որ որևէ ձևակերպում, որը կվնասի կամ կխաթարի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը, այլևս Եվրանեսթում քննարկման թեմա չի դառնալու: Սա մեր գլխավոր նպատակներից մեկն էր, և հաջողություն է, որ այդ գիտակցումը եղավ մեր գործընկերների մոտ»,- ասաց Թևան Պողոսյանը:

Պողոսյանը հավելեց, որ Եվրանեսթի համանախագահներն ապրիլին պատրաստվում են մեկնել Բաքու և փորձելու են համոզել, որպեսզի այդ երկիրը վերադառնա Եվրանեսթ: «Նաև եղավ պայմանավորվածություն, որ ադրբեջանցիների առջև դնելու են հարցը, որ Եվրանեսթում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը չպետք է քննարկվի, քանի որ դրա համար այլ ձևաչափ կա»,- ընդգծեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը Եվրանեսթից դուրս գալու դիմում է ներկայացրել՝ գիտակցելով, որ այնտեղ կա վետոյի իրավունք, ինչը հնարավորություն չի տալիս, որպեսզի այդ երկիրը, տարբեր դիվանագիտական մեթոդներ բանեցնելով, փորձի կյանքի կոչել իր ցանկությունները: «Այս իմաստով ևս մեկ անգամ ամրագրեցինք, որ Եվրանեսթը նվիրվելու է բարեփոխումների ծրագրերի իրականացմանը, եվրոպական ինստիտուտների ինտեգրման խնդիրներին, եվրոպական արժեքների տարածմանը»,- եզրափակեց Թևան Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս