Որո՞նք են Ս. Հաղորդությանն արժանի լինելու նախապայմանները
Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ որո՞նք են Ս. Հաղորդությանն արժանի լինելու երեք նախապայմանները: Հայոց Եկեղեցու յոթնալույս Ս. Գրիգոր վարդապետը Ս. Հաղորդությանը նվիրված իր քարոզներից մեկում այս խորհրդին արժանի լինելու համար երեք նախապայմաններ է առաջադրում՝ հավատք, իմացություն և սրբություն:
Նախ՝ ամեն մարդ պետք է հավատա, որ ինչպես Ադամի մարմնով դատապարտվեցինք, թեպետ նրա հետ հանցանք չգործեցինք, նմանապես Քրիստոսի մարմնով սրբվում ենք, թեպետ Նրա նման սուրբ չենք: Ադամի մարմնով մարդ և մարդու որդի ենք լինում, իսկ Քրիստոսի մարմնով՝ Քրիստոս և Աստծո որդի: Ադամի մարմնով երկրից ենք՝ որպես շնչավոր մարդ, իսկ Քրիստոսի մարմնով երկնքից՝ որպես հոգևոր մարդ: Ադամի մարմնով ժամանակավոր ենք և մահկանացու, իսկ Քրիստոսի մարմնով՝ անհահ և հավիտենական:
Երկրորդ՝ այն հաստատ իմացությունն է՝ համոզումը, որ հացի ներքո Քրիստոսի Ս. Մարմինն ենք ճաշակում:
Երրորդ՝ ապաշխարությամբ և խոստովանությամբ մաքրվում ենք մեղքերից և արժանի դառնում Քրիստոսի Մարմինը ճաշակելու: Նույն ձևով Վերնատանը հավաքված սուրբ առաքյալների համար Քրիստոսի Մարմինը կյանքի փրկություն դարձավ, իսկ անսուրբի՝ անարժան Հուդայի համար՝դատապարտություն և մահ:
armchurch.info