Մեկ տարի առաջ Հրաչիկ Միրզոյանին դանակահարած անձը ազատության մեջ է
Մեկ տարի առաջ՝ 2015 թ. մարտի 28-ին Գյումրիում անցկացվող Հիմնադիր խորհրդարանի հանրահավաքի ժամանակ ոստիկանության հանցավոր անգործության և անուղղակի աջակցության պայմաններում Հիմնադիր խորհրդարանի պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին դանակահարած անձը դեռևս ազատության մեջ է:
Հաշվի առնելով, որ քաղաքացուն ծանր մարմնական վնասվածք պատճառած ոճրագործը ռեժիմի շահառուն է և ըստ էության գործել է նրա թելադրանքով, իրավապահ մարմինները նախ օրեր շարունակ իբրև թե չէին կարողանում հայտնաբերել նրան, իսկ կալանավորելուց ընդամենը մեկուկես ամիս անց գրավի դիմաց փոփոխեցին նրա խափանման միջոցը և արդեն մեկ տարի ձգձգում են այդ պարզունակ գործի նախաքննությունը՝ ոճրագործին հնարավորություն տալով մնալու ազատության մեջ:
Դրան հակառակ՝ Հրաչիկ Միրզոյանին դանակահարելուց 10 օր անց՝ ապրիլի 7-ին, ռեժիմի քաղաքական պատվերով նախապես՝ դեռևս փետրվարի 18-ին, անհիմն և ակնհայտ ապօրինի կերպով հարուցված քրեական գործով կեղծ մեղադրանքով կալանավորվեցին և մեկ ամիս անազատության մեջ պահվեցին Հիմնադիր խորհրդարանի վեց ներկայացուցիչներ՝ Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը և Գևորգ Սաֆարյանը:
Նրանցից Գևորգ Սաֆարյանը ռեժիմի քաղաքական որոշմամբ մեկ ուրիշ անհիմն և կեղծ մեղադրանքով երկրորդ անգամ կալանավորվեց 2016 թ. հունվարի 1-ին և մինչ օրս գտնվում է անազատության մեջ: Իրենց քաղաքական հայացքների և գործունեության համար հանիրավի և/կամ ակնհայտ անհամաչափ պատժաչափերով բանտերում են հայտնվել տասնյակ հայորդիներ՝ Շանթ Հարությունյանը և նրա ընկերները, Վոլոդյա Ավետիսյանն ու Հայկ Կյուրեղյանը:
Ուստի իրավապահ մարմինները պատժիչ գործիքի վերածած և քրեական տարրերի վրա հենվող հանցավոր ռեժիմին օրենքի և անկախ դատարանի առջև պատասխանատվության ենթարկելը շարունակում է մնալ որպես ազգային քաղաքական օրակարգի առաջնային հարց:
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն